Արա Բաբլոյանը հույս ունի գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ հիմնավորված առաջարկներ լսել

Արա Բաբլոյանը հույս ունի գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ հիմնավորված առաջարկներ լսել

Հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքատեսակների գնաճի հետ կապված մտահոգություններ կան, ինչը չի կարող անտարբեր թողնել Ազգային ժողովին։ Խորհրդարանում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ «Համոզված եմ, որ այս լսումներն արդյունավետ կլինեն: Միաժամանակ ակնկալում եմ, որ բանախոսները տարբեր ապրանքների գնաճի հետ կապված փաստերը, խնդրի կարգավորման հետ կապված առաջարկները կներկայացնեն հիմնավորված, ինչն օգտակար կլինի և՛ խնդրի արդյունավետ լուծումները գտնելու, և՛ հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու առումով»,- ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ համոզվածություն հայտնեց, որ լսումներն առանձնահատուկ են ոչ միայն այն պատճառով, որ վերաբերում են առանձին ապրանքատեսակների, իսկ հիմնականում սոցիալական կարևորության, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացմանը, դրանց ձևավորման պատճառներին և հնարավոր սոցիալական հետևանքների մեղմմանը, այլ նաև շատ էական են, որովհետև քննարկման առարկան հանդիսանում է շուկայական տնտեսության բազիսային թեման, ապրանքների և ծառայության բազիսային թեման: «Օգտվելով առիթից, որ մեր լսումներին մասնակցում են տնտեսական մտքի գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, համոզված եմ, որ մեզ կհաջողվի խնդրո առարկայի վերաբերյալ ձևավորել մասնագիտական շատ լուրջ վերլուծական մի հարթակ, որը հնարավորություն կտա պատգամավորներին հետագայում այդ առաջարկությունների, մասնագիտական վերլուծությունների հիման վրա ձևավորել սեփական քաղաքական դիրքորոշումը»,- ընդգծեց Հարությունյանը:

Պատգամավորը համոզվածություն հայտնեց, որ լսումների ձևաչափը օգտակար կլինի թե մասնագիտական շրջանակների, թե հասարակական կազմակերպությունների, թե քաղաքական որոշումների կայացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում