ԱԺ-ում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկեցին թեժ մթնոլորտում

ԱԺ-ում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկեցին թեժ մթնոլորտում

Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումների ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց, որ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին հարցեր ուղղելու հնարավորություն ընձեռված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին Փաշինյանը ձայնի իրավունք խնդրեց և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն կարող հարցեր ուղղել ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին: «Ինձ ասացին, որ մենք չենք կարող ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին հարցեր տալ: Ինչո՞ւ մենք չունենք այդ հնարավորությունը: Ամեն ինչ հենց վիճակագրությունից է սկսվում»,- ասաց Փաշինյանը:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, որ օրենքով սահմանված է, որ ԱՎԾ-ն չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճերի մեջ և որ նրա բնույթը բացառապես իրավիճակն ու թվերը ներկայացնելն է: «ԱՎԾ-ն քաղաքական դեբատների մեջ ներքաշելը օրենսդրությամբ հակացուցված է»,- ասաց Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքը ԱՎԾ ղեկավարին քաղաքական դեբատների մեջ ներքաշելու մասին չի խոսում, այլ նրան հարց տալու: «Թվեր են հրապարակվել, որոնց վերաբերյալ ծագում են հարցեր: Եթե ազգային վիճակագրական ծառայության պետը կհամարի, որ ինքը պետք է ներքաշվի քաղաքական բանավեճի մեջ, թող չներքաշվի: Այս ամբողջ պատմությունը սկսվում և ավարտվում է նրանց զեկույցներով: Եթե մենք նրանց հարցեր չտանք, ինչի՞ համար է նա այստեղ»,- հարցրեց Փաշինյանը:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ վիճակագրական ծառայությունը ներկայացնում է փաստեր, որոնց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել ելույթների ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԱՎԾ զեկույցներն արդեն հրապարակվել են, ուստի, եթե հարցեր տալու հնարավորություն չունեն, անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱՎԾ պետը խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ հնչեցնի այն թվերը, որոնք արդեն իսկ հայտնի են:

Խնդրի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես խնդրում եմ, հանգիստ լինել: Կրքեր պետք չի բորբոքել: Այսքան մարդ հավաքվել է, որ մենք խնդիրներ լուծենք: Ոչ մի հարց անպատասխան չի մնա: Ազգային վիճակագրական ծառայության պետը հնարավորություն կունենա ելույթի կամ ամփոփիչ խոսքի միջոցով անդրադառնալ բոլոր հարցերին: Ես խնդրում եմ երկխոսության չվերածել և սկսել մեր աշխատանքները»,- ասաց Բաղդասարյանը:

Բաղդասարյանի ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում էր պնդել, որ Ստեփան Մնացականյանը պարտավոր է պատասխանել հարցերի: Փաշինյանի խոսափողն անջատված էր, սակայն նա շարունակում էր տեղից բղավել:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը միմյանց հարգելու կոչ արեց: «Եկեք իրար հարգենք, դուք ասացիք, բոլորս լսեցինք, կարգը հաստատված է: Մարդիկ, ովքեր համաձայն չեն դրա հետ, իրավունք ունեն կարծիք հայտնելու, քննադատելու, բայց դա չի նշանակում, որ պետք է իրար խանգարենք»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Խնդրի հետ կապված դժգոհություն հայտնեց նաև «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Առհասարակ քննարկման գաղափարը նման ձևակերպումներով սկսելն անընդունելի ենք համարում: Խորքային քննարկման ու բացահայտման հիմքեր պետք է լինեն, և բաց քննարկման հիմքեր պետք է ունենանք ու բոլոր բանախոսներին հարցեր տալու հնարավորություն պետք է ունենայինք: Վերապահումներով լսումներ իրականացնել խորհրդարանում չի կարելի»,- ասաց Էնֆիաջյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին կոչ արեց կառուցողական դաշտ վերադառնալ: Նա նշեց, որ հավաքվել են երկխոսելու, կարծիքներ ներկայացնելու համար: «Լսումները նրա համար են, որ հիմնական զեկուցողներին հարցեր տանք: Պարոն Մնացականյանը զեկուցող չէ, նա հաղորդում է ներկայացնում: Չի լինելու մի հարց, որը մեր զեկուցողներն անպատասխան են թողնելու: Հավաքվել ենք մասնագիտական քննարկումների, կոչ եմ անում կառուցողական դաշտ վերադառնալ»,- եզրափակեց Շարմազանովը:

Ի վերջո կրքերը հանդարտվեցին և լսումները մեկնարկեցին: Հաղորդմամբ հանդես եկավ ՀՀ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը, որից հետո հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում