Հարկային օրենսգրքի նոր դրույթները դրական ազդեցություն են ունենալու 90 տոկոս վարձու աշխատողների վրա

Հարկային օրենսգրքի նոր դրույթները դրական ազդեցություն են ունենալու 90 տոկոս վարձու աշխատողների վրա

Հայաստանում մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա դրական ազդեցություն են ունենալու Հարկային օրենսգրքում նոր սահմանված դրույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:

«2018 թվականի հունվարի 1-ից գործող դրույթները մինչև 279 հազար դրամ ստացողների վրա դրական ազդեցություն են ունենալու: Այսինքն` եթե վարձու աշխատողը ստանում է 150 հազար դրամ աշխատավարձ, 2580 դրամով պակաս է վճարելու եկամտահարկը: Հայաստանն ունի 600 հազար վարձու աշխատող, որից 90 տոկոսը ստանում են մինչև 279 հազար դրամ: Իսկ մնացած 10 տոկոսի վրա եկամտահարկն ավելանալու է, օրինակ` 300 հազար դրամ ստացող քաղաքացին 420 դրամ ավելի է վճարելու»,- ասաց Համբարձումյանը:

Մինչև Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը Հայաստանն ուներ սանդղակային դրույքաչափեր` առաջին սանդղակում մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ստացողներն էին, որոնց եկամտահարկը կազմում էր 24.4 տոկոս, երկրորդ սանդղակում 120 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողներն էին` 26 տոկոս եկամտահարկով, իսկ 36 տոկոս եկամտահարկ էին վճարում 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում