Հայաստանում սննդամթերքի թանկացումն ավելի մեծ չափով է ազդում գնաճի վրա, քան տարածաշրջանի մյուս երկրներում

Հայաստանում սննդամթերքի թանկացումն ավելի մեծ չափով է ազդում գնաճի վրա, քան տարածաշրջանի մյուս երկրներում

Հայաստանում սպառողական զամբյուղում սննդամթերքի տեսակարար կշիռը 41 տոկոս է, Վրաստանում` 30, Ռուսաստանում` 31, Թուրքիայում` 22 տոկոս: Դրանով պայմանավորված սննդամթերքի գների աճը մեր երկրում ավելի մեծ չափով է նպաստում գնաճի ընդհանուր ցուցանիշին, քան տարածաշրջանի այլ երկրներում: Գնաճը մեղմելու հնարավորությունները քննարկող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Հայաստանում սպառողական զամբյուղում սննդամթերքի տեսակարար կշիռը 41 տոկոս է, այսինքն` միջին սպառողը իր ծախսումների 41 տոկոսն ուղղում է սննդամթերքի ձեռքբերմանը: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը 10-11 տոկոս է, առավելագույնը` 15 տոկոս»,-ասաց Արթուր Ջավադյանը` հավելելով, որ 2017-ին Հայաստանում սննդամթերքի 5.5 տոկոս գների միջին աճը հանգեցրել է 2.3 տոկոս գնաճի, իսկ Վրաստանում 7.3 տոկոս սննդամթերքի աճը հանգեցրել է 2.2 գնաճի:

Արթուր Ջավադյանը շեշտեց, որ Հայաստանում գնաճի ցուցանիշը հաշվարկվում է ներկայացուցչական սպառողական զամբյուղի հիման վրա, որն առավելապես ներկայացնում է ցածր խավի սպառման կառուցվածքը, իսկ գնաճի վրա առանձին ապրանքատեսակների գների կտրուկ բարձրացման ազդեցության մասին հարցադրումները գերագնահատված են:

Անդրադառնալով տարածաշրջանի երկրներում գնաճի ցուցանիշների մեծությանը` ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ 2017-ին Վրաստանում գնաճը կազմել է 6.7, Ադրբեջանում` 7.9, Ռուսաստանի Դաշնությունում` 2.5, Ուկրաինայում` 13.7, Մոլդովայում` 7.3, Թուրքիայում` 19.9, Իրանում` 10 տոկոս: Հայաստանում 2017-ին գնաճը եղել է 2.6 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում