Ադրբեջանի իշխանություններն իրենց մտցրել են փակուղի. Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանի իշխանություններն իրենց մտցրել են փակուղի. Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանը գրեթե ցանկացած լուրջ միջազգային իրադարձությունից հետո պատասխանում է սադրանքով: Դա եղավ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո, նաև ժնևյան հանդիպումից (2017թ. հոկտեմբերի 16-ին-խմբ.) հետո, դա եղավ նաև հիմա: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

«Այս քայլով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, ցույց է տալիս, որ իրենց ղեկավարները բանակցային սեղանի շուրջ ասում են մի բան, բայց իրականում նրանք դարձել են իրենց մաքսիմալիստական քաղաքականության զոհը: Իրենք են իրենց մտցրել փակուղի»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում նշեց, որ միջազգային հանրությունը պետք է օգնի, որ Ադրբեջանի իշխանությունները դուրս գան մաքսիմալիստական վիճակից: Էդուարդ Շարմազանովի խոսքով, պետք է օգնի, սակայն կա մի ճշմարտություն` անհնար է օգնել մեկին, ով դա չի ցանկանում:

«Այստեղ խնդիրը Ադրբեջանի ղեկավարության ուղեղներում է: Իրենք դարձել են հայատյաց, ռասիստական քաղաքականության զոհը: Ես չեմ ուզում կրքերը շատ բորբոքել, բայց մի պարզ բան ասեմ: Եթե այսօր բացեք ադրբեջանական դասագրքերը, պաշտոնական կայքերը և նայեք 30-ականներին հիտլերյան առաջնորդների ելույթները, ապա կտեսնեք, որ Գեբելսը, Հիտլերը փոխվել են Ադրբեջանի պաշտոնյաներով: Պարզապես Գեբելսն ու Հիտլերն այդ կոչերն անում էին հրեաների դեմ, այսօր Ադրբեջանի ղեկավարությունը նման ռասիստական կոչեր անում է հայերի դեմ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, դրա վառ ապացույցը Ջուղայում տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումն է: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այդ մարդիկ նույնիսկ անշունչ քրիստոնեական քարերի նկատմամբ չեն կարողանում իրենց թշնամանքը զսպել:

«Ես համոզված եմ, որ թե դիվանագիտական, թե ռազմական միջոցներով հայկական բանակը կարող է հավասարակշռությունը պահել: Եթե շահագրգիռ կողմերն այս տարածաշրջանում ուզում են երկարատև խաղաղություն, ապա պետք է Ադրբեջանին, ես չգիտեմ հասկացնելով է, սանկցիաներով է, ճնշումներով է, բերել կառուցողական դաշտ»,-նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, նման սադրանքները երբեք չեն կարող ազդել Արցախի, Հայաստանի քաղաքացիների քաղաքական կամքի վրա: Ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել:

«Բոլոր սադրանքները որևէ խնդիր չեն կարող լուծել: Եթե իրենց զինվորի կյանքը որևէ արժեք չունի իրենց համար, ապա մեզ համար մեր զինվորի թեկուզ թեթև վիրավորում ամեն ինչից վեր է: Հայաստանի Արցախի քաղաքացու կյանքը ամենաթանկ արժեքն է»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում