Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Հայաստանը հաջողությամբ է վարում դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Հայաստանը հաջողությամբ է վարում դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը

Եվս մեկ անգամ վերահաստատվեց, որ Հայաստանը հաջողությամբ վարում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինչպես ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, Հայաստանը ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, ՌԴ-ի դաշնակիցն է, բայց միևնույն ժամանակ հաջողվել է շատ լավ հարաբերություններ պահպանել ԵՄ-ի երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի հետ:

«Ֆրանսիան Հայաստանի համար բարեկամ երկիր է և հայ-ֆրանսիական հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային, միջխորհրդարանական ուղղություններով: Տեղյակ եք, որ հոկտեմբերին Հայաստանն ընդունելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և Հայաստանը դառնալու է աշխարհի քաղաքական կենտրոններից մեկն այդ ժամանակաշրջանում»,-ասաց նա:

Նախագահներ Սարգսյանն ու Մակրոնը հստակ նշեցին, որ ամեն ինչ արվելու է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման համար: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ սա Սարգսյան-Մակրոն առաջին հադիպումն էր, սակայն հստակ երևում էր առկա փոխըմբռնումը:

«Ի՞նչ ասվեց մեր կողմից: Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները: Մակրոնը նշեց, որ Ֆրանսիան մշտապես լինելու է Հայաստանի կողքին: Նրանք շատ են կարևորում Արևմուտքի և Արևելքի մշակույթների խաչմերուկում գտնվող Հայաստանի ժողովրդավարացման ջանքերը»,-ասաց նա:

Արցախյան հիմնահարցի հետ կապված, Էդուարդ Շարմազանովը կարևոր համարեց այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի` Ֆրանսիայի, նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ, Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ուղիղ նշեց, որ Լեռնային Ղարաբաղի պայքարը ազատության, մարդու իրավունքների պաշտպանության պայքար է և այն չի կարող չպսակվել հաջողությամբ: Դրանից բացի, հայկական կողմը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է:

«Իր կողմից Ֆրանսիայի նախագահը հստակ նշեց, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ, փոխզիջումների ճանապարհով և դրան պետք է հետևեն կոնկրետ քայլեր: Այդ կոնկրետ քայլերը Ժնևի, Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածությունների իրականացումն է: Ո՞վ է տորպեդահարում այդ պայմանավորվածությունները, ոչ Հայաստանն է, ոչ էլ Արցախը, այլ Ադրբեջանն է»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթին` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երբ խոսվում է շոշափելի բարեփոխումների մասին, ու թե երբ պետք է քաղաքացին դրանք զգա, այսօր դա շատ հստակ երևաց:

«Եթե մի քանի տարի հետ գնանք, ապա կտեսնենք, թե եվրոպացի բարեկամներն ինչպիսի բառամթերք էին օգտագործում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ և ինչպիսի բառամթերք են օգտագործում այսօր: Պարոն Յագլանդը հստակ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է ճիշտ ուղղությամբ»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահն իր ելույթում նշեց, որ 2008 թվականին Հայաստանում ներքաղաքական ժողովրդավարական խնդիրներն անհանգստացնող էին հենց եվրոպացի պատգամավորների տեսանկյունից և այո, այն ժամանակ տարբեր բանաձևեր էին ընդունում, վտանգ կար, որ Հայաստանը կենթարկվեր որոշ պատժամիջոցների: Այսօր այդ դահլիճում նույնիսկ որևէ հարց տվող հարցականի տակ չդրեց Հայաստանում ժողովրդավարական պրոցեսների, մարդու իրավունքների պաշտպանության անշրջելիությունը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի առկայությունը:

«Սա օդի՞ց է եկել, ոչ, սա մեր և ձեր, քաղաքացիական հասարակության, իշխանության ընդդիմության, բայց, նախ և առաջ, պետության առաջնորդի քաղաքական կամքի ու հստակ քաղաքական գծի իրականացման հետևանք է: Ստրասբուրգում ՀՀ նախագահը մի շատ կարևոր սկզբունք նշեց, Հայաստանը իր արժեհամակարգով Եվրոպա է: Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր գերակայություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Կոռուպցիան ախտ է և մարտահրավեր է նաև մեր պետությանը: Միևնույն ժամանակ կոռուպցիան հատուկ չէ միայն մեր նման զարգացող երկրներին, այն հատուկ է նաև այնպիսի հեղինակավոր կազմակերպության, ինչպիսին է ԵԽԽՎ-ն: Ստրասբուրգյան բարձր ամբիոնից ՀՀ նախագահն ափսոսանքով նշեց, որ մենք ականատես ենք եղել ԵԽԽՎ-ում արժեքային ճգնաժամին, երբ խավիարը կամ նավթադոլարները շատ ավելի համոզիչ էին, քան ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում