Հայաստանը չի պատրաստվում հայ-թուրքական հարաբերություններում որևէ միակողմանի զիջման գնալ. Էդուարդ Շարմազանով

Հայաստանը չի պատրաստվում հայ-թուրքական հարաբերություններում որևէ միակողմանի զիջման գնալ. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետությունը բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային խաղաղության, կայունության կողմնակից է և ջատագով է: Մշտապես քայլեր է ձեռնարկել այդ հավասարակշռությանը հասնելու համար: Հայ-թուրքական հարաբերություններում մենք չենք անի քայլ, որը հակասում է այն փաստաթղթին, որը ստորագրել ենք, իսկ արձանագրություններն առանց նախապայմանների էին, և որևէ միակողմանի զիջում չէին պարունակում: Մենք չենք պատրաստվում որևէ միակողմանի զիջման գնանք»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, Հայաստանն իրատես է, շատ լավ հասկանում է, թե որ պետությունն ինչ հնարավորություն ունի, բայց դա որևէ պետության իրավունք չի տալիս Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով: Եվս մեկ անգամ հաստատվեց Թուրքիայի ապակառուցողական հանցագործությունը ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարները 4 օրում 5 հայտարարություն արեցին, որով սատարում էին Ադրբեջանի քաղաքականությանը:

«Մենք այդ արձանագրություններին դեմ չենք եղել, մենք այսօր էլ կարծում ենք, որ այն ինչ նախաձեռնել է Սերժ Սարգսյանը 2008-2009 թվականներին, դա ճիշտ ճանապարհ էր: Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք մեր քաղաքականությունից, ոչ, խնդիրը մեր մեջ չէ: Այո, մենք գտնում ենք, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելն անհրաժեշտ էր թե Հայաստանին, Թուրքիային և թե տարածաշրջանային խաղաղությանը: Ստորագրված արձանագրությունները շատ կարևոր էին և պատահական չէր, որ գերհզոր երկրների ներկայացուցիչները ողջունում էին: Սահմանը մենք չենք փակել, Թուրքիան փակել է, Թուրքիան էլ նախապայմաններ է դնում: Արձանագրությունները վավերացնելու փոխարեն Թուրքիայի պաշտոնյաները նախապայմաններ են դնում, խնդիրը կապում արցախյան հարցի հետ: Մենք էլ ասել ենք, Թուրքիան արցախյան հակամարտության կարգավորման գործում անելիք չունի, կա համապատասխան մասնագիտացված կառույց` ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի միջազգային մանդատ այդ խնդրով զբաղվելու համար: Բոլորի համար պարզ է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության ջատագով է»,– ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին Դավութօղլուն նշել էր զրո խնդիր հարևանների մասին, սակայն այսօր տեսնում ենք, որ Թուրքիան ունի զրո հարևան, որի հետ խնդիր չունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում