Լինել անաչառ, շարժվել ժամանակի շնչով. Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է հիմնադրման 110-ամյակը

Լինել անաչառ, շարժվել ժամանակի շնչով. Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է հիմնադրման 110-ամյակը

Ձեռքը պահել հասարակության զարկերակի վրա, լինել անաչառ, շարժվել ժամանակի շնչով. Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը նշում է իր հիմնադրման 110-ամյակը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն, անդրադառնալով թերթի անցած ուղուն, նշեց, որ 1908 թվականին Թուրքիայում հայկական թերթ հրատարակելը հեշտ չի եղել: Այդուհանդերձ, այդ գործի ակունքներում կանգնած գործիչները կարողացել են հասնել դրան:

«Դժվարին ժամանակներում լույս տեսած թերթը կարողանում էր ձեռքը հասարակության զարկերակի վրա պահել, իր էջերում հրատապ թեմաներ առաջ քաշել: Ասեմ, որ այս 110 տարվա ընթացքում «Ժամանակ» թերթը կարելի է ասել մշտապես գործել է, ժամանակ առ ժամանակ փոքր դադարներ են եղել, սակայն շարունակել է աշխատել: Եղել է ժամանակ, երբ այդ պահի քաղաքական գործընթացներով պայմանավորված թերթի աշխատանքը դադարեցվել է, սակայն հաջորդ օրը բոլորովին այլ անվամբ այն հրատարակվել է»,-ասաց Արա Գոչունյանը:

Հոբելյանական տարվա շրջանակում Երևանում հունվարի 26-ին նախատեսված է միջոցառում, որն, ըստ արժանվույն կազմակերպելու համար, Արա Գոչունյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Միջոցառմանը նախատեսված է գրքերի շնորհանդես, տեսանյութի ներկայացում, որը պատմելու է «Ժամանակ»-ի անցած ուղու մասին:

«Մեկ դարից ավելի պատմություն ունեցող «Ժամանակ»-ն ականատես է եղել պատմական կարևորագույն իրադարձությունների, այդ թվում՝ վերապրել է Հայոց Ցեղասպանությունը»,– ասաց նա: Արա Գոչունյանը նկատեց, որ թերթի հրատարակման առաջին տարիներին այն բավական մեծ ընթերցողների բանակ ուներ: Լույս էր տեսնում 15 հազար օրինակով, և տարածվում էր աշխարհի տարբեր երկրներում: Այսօր թերթի միջոցները սուղ են, այն լույս է տեսնում 1000-1500 օրինակով: Կրկին տարածվում է աշխարհի տարբեր երկրներում, սակայն կայքի միջոցով այն ավելի շատ հասանելի է:

«Ժամանակ»-ի 110-ամյա անցած ուղում ամենամեծ ձեռքբերումը Արա Գոչունյանը համարեց խորը ավանդույթների շարունակողը մնալը: Նա ընդգծեց, որ ավանդույթները պահելով` փորձում են ստացած ժառանգության վրա նոր բան ավելացնել:

Արա Գոչունյանը նշեց, որ թեև թերթը ժամանակին փոքր դադարներ է ունեցել, սակայն այսօր փակվելու վտանգի առջև կանգնած չէ: Մինչդեռ արևմտահայերենի գոյությունը լուրջ մարտահրավերի առջև է:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ նախագահի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին, Արա Գոչունյանը նշեց, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները բնականոն դարձնելու պահը հասունացած չէ:

«Գործնականորեն ոչ մի տարբերություն չկա՝ հայ-թուրքական արձանագրություններն ուժի մեջ կմնան, թե ոչ: Մյուս կողմից, Երևանի նախաձեռնությունը չի կարելի ստորագնահատել: Մենք, իհարկե, շատ կուզենայինք, որ երկու երկրների միջև հարաբերություններ հաստատվեն, սակայն այս պահի դրությամբ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները բնականոն դարձնելու պահը հասունացած չէ, այդ բեկումնային պահից բավական հեռու ենք»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում