Նախկին ԽՍՀՄ երկրներում Վլադիմիր Վիսկոցկուն ջերմորեն են հիշում

Նախկին ԽՍՀՄ երկրներում Վլադիմիր Վիսկոցկուն ջերմորեն են հիշում

Նախկին ԽՍՀՄ երկրներում Վլադիմիր Վիսոցկուն ջերմորեն են հիշում: Հունվարի 25-ին Վիսոցկու ծննդյան 80-ամյակի առթիվ կայացած տեսամակուրջին նման տեսակետ հայտնեցին նախկին ԽՍՀՄ երկրներից գրողներն ու արվեստագետները:

«Վիսոցկու մասին կարելի շատ երկար խոսել: Ավելի քան 10 տարի ես զբաղվել եմ նրա ստեղծագործություններով: Սկզբում ես խորապես չգիտեի նրան, անկեղծ ասած՝ այնքան էլ չէի գնահատում, քանի որ նրան ճանաչում էի որպես սկանդալային մարդ: Սակայն մահից հետո, երբ սկսեցին հրատարակել նրա ստեղծագործությունները, ես հետաքրքրվեցի նրա գործերով և որոշեցի թարգմանել նրա բանաստեղծությունները: Այդ ժամանակ աշխատում էի «Ավանգարդ»-ում, որտեղ էլ հրատարակեցի թարգմանություններս: Ես գիտեի, որ Հայաստանում ևս քչերը գիտեն, որ նա լավ և լուրջ պոետ է: Սակայն թերթը լույս տեսնելու հաջորդ օրը առավոտից մինչ երեկո բազմաթիվ զանգեր եղան՝ խնդրանքով շարունակել այդ գործը, հրատարակել նոր ստեղծագործություններ, նրա մասին շատ ինֆորմացիա տալ: Ինձ դիմեցին նաև ռադիոյից, հեռուստատեսությունից»,-ասաց բանաստեղծ, Վիսոցկու բանաստեղծությունները հայերեն թարգմանած Լևոն Բլբուլյանը:

Բլբուլյանը հրատարակել է նաև Վիսոցկու բանաստեղծությունների հավաքածուն: Դրանում ներառվել են ոչ միայն բանաստեղծություններ, այլ նաև իր մասին հարազատների հիշողությունները, Վիսոցկու խոսքերն իր, արվեստի, գրականության և կյանքի մասին:

Քիշնևից գրող, լրագրող Միխայիլ Բաշկովի խոսքով՝ Մոլդովայում սոցիալական ցանցերում Վիսոցկուն շատ ջերմորեն են հիշում:

«Ես 14 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի Վիսոցկու երգերից: Չհասկացա այդ երգի իմաստը, բայց ներկայացումը շատ տպավորիչ էր»,-Բիշքեկից հիշեց «Սպիտակ թռչուն» գրական-երաժշտական ակումբի հիմնադիր Էդվարդ Ալեքսանդրովիչը:

Բելառուսից Իվան Իվանովիչը թե Վիսոցկու կենսագրության և թե Բելառուսի համար եզակի փաստ համարեց այն, որ «Сыновья уходят в бой» ֆիլմի համար մեկ գիշերում Վիսոցկին գրել է ֆիլմի բոլոր 4 երգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում