ԱՄՆ-ն հերքել է Թուրքիայի նախագահականի հրապարակած սխալ հայտարարությունը

ԱՄՆ-ն հերքել է Թուրքիայի նախագահականի հրապարակած սխալ հայտարարությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը եղել է «հստակ և խիստ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսնակը հայտարարությունն արել է՝ հերքելու պաշտոնական Անկարայի կողմից հեռախոսազրույցի վերաբերյալ արած հայտարարությունը:

Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցից հետո երկու երկրի նախագահականների աշխատակազմերից արած հայտարարությունները խիստ տարբերվում էին իրարից: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում էր, թե Թրամփը մտահոգություն է հայտնել Սիրիայում բռնության աճի կապակցությամբ, մինչդեռ թուրքական կողմի հայտարարության մեջ այդ մտահոգության մասին որևէ խոսք չկար: Բացի այդ, ամերիկյան կողմը նշել էր, որ Թրամփը ցանկություն է հայտնել, որ զգուշավորություն ցուցաբերվի երկու երկրի զինվորների շրջանում բախումը բացառելու նպատակով, մինչդեռ պաշտոնական Անկարան այս մասին ևս լռել էր:

Եվ վերջապես, համաձայն Սպիտակ տան հայտարարության՝ Թրամփը մտահոգություն էր հայտնել Թուրքիայում ապակառուցողական քննարկումների և այդ երկրում շարունակվող արտակարգ դրության կապակցությամբ, իսկ Էրդողանի աշխատակազմը այդ մասը ևս թաքցրել էր:

Նոյերթը, լրագրողների հետ խոսելով հայտարարության մասին, ասել է. «Դա ինձ չզարմացրեց: Մենք կանգնած ենք թե հեռախոսազրույցի, թե արված հայտարարության հետևում: Նախագահ Թրամփը Էրդողանի հետ շատ հստակ և խիստ է եղել»:

Ավելի վաղ թուրքական կողմը փորձել էր մեկնաբանել, թե ինչն է հայտարարությունների մեջ առկա տարբերության պատճառը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե իր կարծիքով՝ Սպիտակ տան հայտարարությունը պատրաստված է եղել նախքան հեռախոսազրույցը և ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում