Քրդերը հայտարարել են Աֆրինի մոտակայքում թուրքական տանկ ոչնչացնելու մասին

Քրդերը հայտարարել են Աֆրինի մոտակայքում թուրքական տանկ ոչնչացնելու մասին

Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) ներկայացուցիչները Հալեպի հյուսիսում գտնվող Ռաջու շրջանում ոչնչացրել են թուրքական զինված ուժերին պատկանող տանկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աֆրինում YPG պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մեր զինյալները կարողացել են ոչնչացնել թուրքական մի տանկ՝ դարանակալելով Քամրաշ և Ամարա գյուղերի միջև»,– նշել է գործակալության զրուցակիցը:

Թուրքիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչն ավելի վաղ լրատվամիջոցին հայտնել էր, որ Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների շրջանակում սպանվել է 3 թուրք զինվոր, ևս 16-ը վիրավորվել են:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հունվարի 26-ին հայտարարել էր, որ իրենք մտադիր են Սիրիայում ռազմական գործողություններն ընդլայնել մինչև Մանբիջ, իսկ այնուհետև նաև մինչև Իրաքի հետ սահման:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում