ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Թբիլիսիում

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Թբիլիսիում

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի առթիվ հունվարի 26-ին Թբիլիսիում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան, պաշտապանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեն, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հոգևոր դասի և վիրահայ համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջույնի իր խոսքում Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը ներկայացրեց օրվա խորհուրդն ու Հայոց զինուժի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում, ինչպես նաև անդրադարձ կատարեց Հայոց բանակի կազմավորման գործընթացին ու դրա անցած ուղուն։ Խոսելով հայ-վրացական դարավոր զինակցության մասին՝ բանախոսը, մասնավորապես, անդրադարձավ պատմական այն դրվագներին, որտեղ հայերն ու վրացիները համատեղ ուժերով պայքարել են օտար զավթիչների դեմ՝ հանուն իրենց ազատության։

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր ելույթում ընդգծեց հայ և վրացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված փոխգործակցության կարևորությունը՝ շեշտելով ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանային անվտանգության։ Նախարարը, անդրադառնալով հայ-վրացական բարեկամությանը, մատնանշեց, որ Հայաստանը մշտապես դիտարկվում է որպես բարեկամ երկիր։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր շնորհավորական խոսքում նշեց այն կարևոր դերակատարությունը, որն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը երկրի անվտանգության պահպանման ուղղությամբ։

Վրաստանում ռազմադիվանագիտական կորպուսի դուայեն, Չեխիայի ռազմականկցորդ Շտեֆան Գրիվալսկին հաջողություն մաղթեց ՀՀ Զինված ուժերին իրենց ամենօրյա գործունեության մեջ՝ համոզմունք հայտնելով, որ հայ զինվորականության մերօրյա սերունդը մշտապես հավատարիմ կլինի նախնիներից ժառանգած պատմական հարուստ ավանդույթներին։

Ելույթներին հաջորդեց պաշտոնական հյուրասիրություն՝ հայկական և վրացական երգ ու պարի ուղեկցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում