Թուրքիան է հրաժարվել իրականացնել հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները. ԱԳ նախարար

Թուրքիան է հրաժարվել իրականացնել հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները. ԱԳ նախարար

Դեռեւս տասը տարի առաջ, երբ Հայաստանը նախաձեռնել էր հայ-թուրքական գործընթացը, հավատարիմ է եղել, թե գործընթացին, թե ձեռք բերված պայմանավորվածություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ե՞րբ է լինելու 2018 թվականի գարունն առանց Ցյուրիխյան արձանագրությունների դիմավորելու վերջնական որոշումը:

«Հենց Թուրքիան հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: Վերջին տարիներին միջազգային հանրությունն ասում էր, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, բայց այսօր կարող ենք ասել, որ այն գտնվում է Թուրքիայի դարպասում: Եթե կողմերից որեւէ մեկը պետք է անհանգստացած լինի իր հեղինակության տուժելու մասով, ապա դա Հայաստանը չէ:

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Հանրապետության նախագահի կողմից հնչեցված ժամկետներում մեր դիրքորոշումը հայտնի կդարձնենք»,- նշեց նա:

ՀՀ արտգործնախարարը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված վիճակը հայկական կողմի պատճառով չէ:

«Եթե այդ հարաբերությունները կարգավորված լինեին, հնարավոր կլիներ ավելի օրենքի և հյուպատոսական հարաբերությունների շրջանակներում ավելի էֆեկտիվ պաշտպանել մեր քաղաքացիների շահերը այդ երկրի տարածքում: Խնդիրներ առաջանալու դեպքում ՀՀ արտգործնախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի մեր քաղաքացիները պաշտպանված լինեն»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նա ընդգծեց, որ այսօր շատ քիչ երկրներ կան, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, դրանք բացակայում են շուրջ երկու տասնյակ երկրների հետ:

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 175 երկրների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում