Էրդողանը ֆաշիստական նկրտումներով է հարձակվել Աֆրինի վրա

Էրդողանը ֆաշիստական նկրտումներով է հարձակվել Աֆրինի վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆաշիստական նկրտումներով է հարձակվել Աֆրինի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը:

«Գերտերությունների թողտվությամբ «Իսլամական պետության» զինյալներն արդեն տարիներ շարունակ հետապնդում են քրդերին: Արդեն տասնմեկ օր է՝ Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զորքերի կողմից քրդերի դեմ իրականացվում են ռազմական գործողություններ, և այս օրերի ընթացքում թուրքերն ունեցել են 400-ից ավելի զոհ, 100 գերի և 15-ից ավելի տանկի կորուստ»,-ասաց պատգամավորը:

Կնյազ Հասանովի խոսքով՝ Հայաստանում քրդական համայնքը կարող է միայն իր սրտացավությունը հայտնել, փորձել տարբեր խողովակներով բարձրաձայնել այս մասին:

«Միջազգային հանրությունը տեսնում է, որ քրդերը պատրաստ են այդ պայքարին, այս ժողովուրդը այն գաղափարով է տարված, որ կամ մահ կամ ազատություն: Այս օրերի ընթացքում զոհվում են խաղաղ բնակիչներ, հիմնականում՝ կանայք և երեխաներ»,- եզրափակեց Կնյազ Հասանովը:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում