Հայաստանում նախատեսվում է 12-ով ավելացնել դատավորների թիվը

Հայաստանում նախատեսվում է 12-ով ավելացնել դատավորների թիվը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքն առաջին ընթերցմամբ ենթարկվել է մի շարք փոփոխությունների:

Հունվարի 31-ին Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` Հայաստանում նախատեսվում է 12-ով ավելացնել դատավորների թիվը:

«2019 թվականի հունվարի 1-ից երկու դատավորով ավելանալու է դատավորների թիվը Արարատի և Արմավիրի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում, 8 դատավորով՝ Երևան քաղաքի դատարաններում և սնանկության գործերով քննող դատարանում: Հաշվի առնելով վերաքննիչ քրեական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ մոտ օրերս երկու դատավորով այդ դատարանը նույնպես կհամալրվի»,– նշեց Հարությունյանը:

Արդարադատության նախարարի խոսքով` վճռաբեկ դատարանի կողմից բողոքների քննության և որոշումների բողոքների ընդունման քվորումների համար սահմանվել է նույն շեմը:

«Խոսքը վճռաբեկ դատարանի դատավորի ընդհանուր թվի մեծամասնության մասին է: Նախկինում նախատեսված էր 2/3, ինչը ավելի բարձր շեմ է և ավելի է սահմանափակում վճռաբեկ դատարան բողոք բերելու հնարավորությունը»,- ասաց Հարությունյանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսվել է առանձնահատուկ կարգ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի նախագահների և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի համար:

«Նախատեսվել է կարգ, համաձայն որի` որոշումն ընդունվում է բարձագույն դատական խորհրդի կողմից: Այսինքն` բարձրագույն դատական խորհուրդը որոշակի դեպքերում կարող է մերժել հրաժարականի ընդունումը, որովհետև հակառակ պարագայում կարող ենք, սահմանադրական կանոնակարգերից ելնելով, հայտնվել փակուղում»,- ասաց Հարությունյանը:

Սահմանվել է նաև դատարաների և վճռաբեկ դատարանների նախագահների գործերի հավասարաչափ բաշխման չափանիշի տոկոս:

«Այն այժմ գտնվում է 25-35 տոկոս միջակայքում՝ կախված դատարանից և ծանրաբեռնվածությունից: Օրինակ` այնպիսի դատարանների դեպքում, որոնք թեև գտնվում են Երևանում, սակայն ունեն նստավայրեր մարզում, բնականաբար, հաշվի ենք առել առանձնահատկությունը, որ դատարանի նախագահը ունենալու է կազմակերպական առումով ավելի մեծ ծանրաբեռնվածություն»,– նշեց Հարությունյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում