Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 17 քրեական գործերով վարույթ է իրականացվել

Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 17 քրեական գործերով վարույթ է իրականացվել

Հայաստանում 2017 թվականին մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ:

Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության 2017 թվականին մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվության մեջ:

«Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 17 քրեական գործերով վարույթ է իրականացվել: …Հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից 3-ը վերաբերում են կանանց պոռնկության շահագործմանը, 6-ը` աշխատանքային շահագործմանը: Պոռնկության շահագործման 3 դեպքերից 1-ը ներքին սեռական շահագործման դեպք է, 2-ը՝ արտաքին, որոնցից մեկով շահագործումը իրականացվել է ԱՄԷ-ում, մյուսով՝ Թուրքիայիում: Աշխատանքային շահագործման 6 դեպքերից 4-ը ներքին, 2-ը արտաքին շահագործման դեպքեր են /ՌԴ, Վրաստան/»,- նշված է հաշվետվության մեջ:

Ըստ հաշվետվության` տարվա ընթացքում հարուցված 9 քրեական գործերից 1-ը կարճվել է, իսկ 2-ը վերաորակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ և 333-րդ հոդվածների հատկանիշներով:

«Մնացած 6 գործերից 4-ը աշխատանքային, 2-ը սեռական շահագործման դեպքեր են: Դրանցից 3-ը ներքին, 3-ը արտաքին շահագործման դեպքեր են: Աշխատանքային շահագործման 4 դեպքերից 2-ը ներքին, 2-ը արտաքին շահագործման դեպքեր են /ՌԴ, Վրաստան/: Սեռական շահագործման 2 դեպքերից 1-ը արտաքին /ԱՄԷ/, 1-ը՝ ներքին շահագործման դեպք է:

Նշված 6 գործերով հայտնաբերվել և տուժող է ճանաչվել 12 անձ, որոնցից 4-ը՝ կին, 4-ը՝ անչափահաս»,- ասված է հաշտվետվության մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) հատկանիշներով 2017 թվականին բացահայտվել է հանցագործության մեկ դեպք:

ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների (շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հատկանիշներով հայտնաբերվել է հանցագործության 21 դեպք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում