Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են շփման գծում դիտորդների թվի ավելացման շուրջ համաձայնությանը. Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են շփման գծում դիտորդների թվի ավելացման շուրջ համաձայնությանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ այն քայլերը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կյանքի կկոչվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Լավրովը հայտարարել է Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լավրովն ընդգծել է, որ դեռևս 2010 թվականից քայլեր են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ: «2016 թվականի ապրիլին շփման գծում հայտնի միջադեպերից հետո Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Նույն տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում՝ համանախագահների մասնակցությամբ: Այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ որպես վստահության ամրապնդման հստակ քայլ շփման գծում 6-7-ով ավելացնել ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվը: Մինչ օրս տարվել է աշխատանք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ կողմերն այժմ մոտ են հստակ ձևաչափերի շուրջ համաձայնեցման գալուն»,– ասաց ՌԴ արտգործնախարարը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ցանկացած հակամարտության կարգավորման գործընթաց ենթադրում է զուգահեռ համաձայնեցված գործողությունների իրականացում, որոնք կհանգեցնեն անվտանգության ամրապնդմանն ու խնդրի քաղաքական կարգավորմանը:

«Այն տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել իրական կյանքում: Ակնկալում եմ, որ այն, ինչի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կիրականացվի»,- նշեց Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում