Անչափահասների շրջանում մուրացկանության դեպքերը նախականխելու նպատակով ստուգայցեր են կազմակերպվում

Անչափահասների շրջանում մուրացկանության դեպքերը նախականխելու նպատակով ստուգայցեր են կազմակերպվում

ՀՀ ոստիկանության կողմից 2017 թվականին իրականացվել են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ 2017 թվականին մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվությունից, շարունակվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի, ինչպես նաև նշված հանցագործությունները կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Թուրքիայի, ԱՄԷ-ի, Չինաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցությունը:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության՝ հատկապես երիտասարդության իրազեկության, իրավագիտակցության մակարդակի բարձրացման, վերջիններիս կողմից, ինչպես նաև նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները և այլ իրավախախտումները նախականխելու, նրանց շրջանում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքների դպրոցներում պարբերաբար կազմակերպել և անցկացրել են հանդիպումներ, զրույցներ: Հանդիպումների ընթացքում բացատրվել են շահագործման, թրաֆիքինգի վտանգները և դրանից խուսափելու ճանապարհները»,- ասված է հաշվետվության մեջ:

Անչափահասների շրջանում մուրացկանության և թափառաշրջիկության դեպքերը նախականխելու, վերջիններիս մուրացկանության մեջ ներգրավող անձանց հայտնաբերելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից պարբերաբար անցկացվել են ստուգայց-շրջագայություններ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, ինչի ընթացքում համագործակցություն է իրականացվել տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ արդյունավետ պայքարի նպատակով 2017 թվականին շարունակվել է համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում