Պաշտոնական Դամասկոսը օկուպացիա է որակել Աֆրինում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները

Պաշտոնական Դամասկոսը օկուպացիա է որակել Աֆրինում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել, որում Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունը որակել է, որպես օկուպացիա:

Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններն անօրինական ագրեսիայի դրսևորում են:

«Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունը բացահայտ ագրեսիա են: Օտար ուժերի անարգել և անօրինական մուտքը Սիրիայի տարածք ագրեսիա է և օկուպացիա: Անհրաժեշտ ամեն ինչ արվելու է»,-նշված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարությունից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահությանը մեկական նամակ է ուղարկել:

«Թուրքական ռեժիմը շարունակում է ոչ ոքի չհամոզող ստեր տարածելով արդարացնել Սիրիայի տարածքում իր կողմից իրականացվող ագրեսիան»,-նշված է նամակում:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել էր Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում