Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ընդգրկվել է «Սահմանադրությունը քննարկող հանձնաժողովի» կազմում

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ընդգրկվել է «Սահմանադրությունը քննարկող հանձնաժողովի» կազմում

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը սիրիական հարցով Սոչիում կայացած ժողովը կարևոր քայլ է համարում, որին նա մասնակցել է որպես Սիրիա-Հայաստան Խորհրդարանական բարեկամանական խմբի նախագահ: «Իմ կարծիքով Սոչիի ժողովը շատ կարևոր է, քանի որ տեղի ունեցավ այն պահին, երբ Սիրիայում ահաբեկչության դեմ հաղթանակներ արձանագրվեցին: Սոչիի ժողովը փաստեց, որ Սիրիայում քաղաքական գործընթացը սկսում ու շարունակվում է Սիրիական ղեկավարությամբ` առանց դրսի միջամտությունների»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայազգի պատգամավորը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ժողովի արդյունքում ձևավորված «Սահմանադրությունը քննարկող հանձնաժողովի» անդամ է, որը բաղկացած է 150 անդամից: «Ժողովի ավարտին հրապարակված հայտարարությունը ինքնին բացահայտում է, որ սիրիացիները մեծամասնությամբ կառչած են ազգային սկզբունքներին և Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-հավելեց Նորա Արիսյանը:

Սիրիայի հարցով ազգային երկխոսության համագումարը կայացել է հունվարի վերջին Սոչիում: ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրավիրվել է սիրիական հասարակության 1000-ից ավելի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք գործընկերներ: Մասնակիցները նաեւ հանդես են եկել միասնական բանակի եւ ազատ ընտրությունների անցկացման օգտին, որոնք պետք է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդյունքներով դրա մասնակիցները համաձայնության են եկել կազմելու սահմանադրական հանձնաժողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում