Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը ելույթ է ունենալու եւ իր ուղերձն է հնչեցնելու Հայաստանի Խորհրդարանում

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը ելույթ է ունենալու եւ իր ուղերձն է հնչեցնելու Հայաստանի Խորհրդարանում

Պաշտոնական այցով փետրվարի 3-ին Հայաստան է ժամանելու Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը տեղեկացրեց, որ այցը պետք է դիտարկել իր ամենաբարձր ներկայացուցչության մակարդակով, քանի որ պատվիրակության կազմում լինելու են Ազգային խորհրդի նախագահը, առաջին եւ երկրորդ փոխնախագահները, ինչպես նաեւ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:

«Այցի հիմնական նպատակը երկկողմանի հարաբերություններն են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացման առումով: Չմոռանանք, որ 2018 թվականը Հայաստանում նշվելու է մի քանի կարեւոր իրադարձություն. առաջին հերթին, առաջին հանրապետության 100-ամյակը եւ եւս մի քանի կարեւոր կետեր: Սակայն այս այցը կարեւոր է նաեւ նրանով, որ սա Դոմինիկ դը Բյումանի առաջին պաշտոնական այցն է արտերկրում, որը ունենալու է արտակարգ կերպով ավելի երկար տեւողություն՝ 6 օր: Եվ հատկանշական է մի բան, որը հազվադեպ է եղել կամ ընդհանրապես չի եղել. դա այն է, որ Դոմինիկ դը Բյումանը հնարավորություն է ունենալու խորհրդարանում ելույթ ունենալու եւ իր ուղերձը հայտնելու»,-ասաց Սարգիս Շահինյանը՝ հավելելով, որ պատվիրակությունը ունենալու է եւ պաշտոնական, եւ ոչ պաշտոնական հանդիպումներ: Նախատեսված են հանդիպումներ հանրապետության նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

«Այցելելու ենք նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաեւ թանգարան-ինստիտուտ: Չմոռանանք նաեւ Շվեյցարիայի զորակցությունը Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Այդ ընթացքում ցուցաբերած աջակցության եւ կատարած աշխատանքի համար երկու անձինք ստանալու են պատվո մեդալ Ազգային ժողովի կողմից»,-ասաց նա:

Անդրադառնալով, մասնավորապես, վերջին ժամանակահատվածում հայ-շվեյցարական հարաբերությունների ընդհանուր վիճակին՝ Սարգիս Շահինյանը նշեց, որ այն այդքան էլ գոհացուցիչ չեն անհրաժեշտ գործողությունների չիրականացման պատճառով:

«Եթե անգամ արձանագրվել է որոշակի առաջընթաց, ապա չնչին քայլերով: Շվեյցարիայի համագործակցության եւ զարգացման գործակալությունը նախորդ տարի երկկողմանի համագործակցության ծրագրերում 14 մլն-ով կրճատեց իր կովկասյան օժանդակությունը երեք երկրներին, այդ թվում՝ նաեւ Հայաստանին, ինչն արդեն մտածելու տեղիք է տալիս»,-նշեց նա:

Սարգիս Շահինյանը խոսեց նաեւ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին՝ տեղեկացնելով, որ Շվեյցարիան ներկայանալու է նաեւ իր 20 հոգանոց տնտեսական պատվիրակությամբ հայկական քույր կազմակերպությունների հետ հարաբերությունները առաջ տանելու համար:

«Շվեյցարիայի դիվանագիտական թիկունքն իր մեծ նպաստ ունեցավ այն հարցում, որ ֆրանկոֆոն երկրների հանդիպումը տեղի ունենա հենց Երեւանում, ինչը շատ կարեւոր է»,-եզրափակեց Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում