Առաջիկայում փաստաբանները կաշխատեն կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Ֆրանսիայում

Առաջիկայում փաստաբանները կաշխատեն կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Ֆրանսիայում

Առաջիկայում փաստաբանները կսկսեն աշխատել`Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտում քրեականացնելու հարցը կրկին օրակարգ բերելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Մեր փաստաբանները դեռ չեն սկսել աշխատանքը կառավարության փաստաբանների հետ: Ինչպես գիտեք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Մակրոնը կողմ արտահայտվեց, որ այս գործընթացին նոր ընթացք տրվի: Նախագահը նաև իր համաձայնությունը տվեց, որ ապրիլի 24-ն օրացույցում ամրագրվի որպես Հայոց ցեղասպանության օր: Մենք պետք է կրկին գնանք այս պայքարին, բայց արդեն պետք է այլ անկյուն գտնենք»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Մուրադ Փափազյանի խոսքով, քանի որ ընտրություններից հետո Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների զգալի մասը փոխվել է, հետևաբար ենթադրվում է ակտիվ աշխատանք խորհրդարանականների հետ: Նա տեղեկացրեց, որ հայ համայնքն արդեն սկսել է կապեր հաստատել նրանց հետ:

Տարվա ընթացքում մեկ այլ կարևոր իրադարձություն է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը, որին մասնակցելու է Ֆրանսիայի նախագահը:

«Մենք իբրև Սփյուռք, իբրև ֆրանսահայություն, պետք է մեր դերակատարությունն ունենանք: Կարծում եմ, որ այդ միջոցառմանը նաև քաղաքական բնույթ տալ, օգտագործել այդ առիթը և նոր դաշնակիցներ ունենալ: Հիշեցնենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն մասնակցում»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում