Մակրոնը միայն հայկական Արցախ կարող է գալ. Մուրադ Փափազյան

Մակրոնը միայն հայկական Արցախ կարող է գալ. Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյակին: Փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ ֆրանսահայության, Հայաստանի և Արցախի համար իրենց տարեկան ընթրիքը լուրջ քաղաքական բնույթ ստացավ, գրում է panorama.am-ը:

«Ֆրանսիայի նախագահն ընդհանրապես ներկա է լինում այս, ինչպես նաև ապրիլի 24-ի նախաձեռնությանը: 2018-ը մեզ համար՝ հայության և Հայաստանի համար կարևոր տարի է, առիթներ կան, որոնցով Հայաստանը կարող է փայլել: Առաջին առիթը մայիսի 28-ն է՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը»,- ասաց նա: Փափազյանը հայտնեց, որ 100-ամյակի տոնակատարությունների առիթով Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը նաև Ֆրանսիայում պետք է մասնակցի հարյուրամյակի տոնակատարումներին, այս առիթն, ըստ Փափազյանի, կարող է օգտագործվել նաև քարոզչական նպատակներով: Երկրորդ կարևոր նախաձեռնությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, որի առիթով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պիտի պետական այցելություն ունենա Հայաստան: Այս գագաթնաժողովը, Փափազյանի կարծիքով, լավ առիթ է՝ ֆրանկոֆոն երկրների շարքում նոր դաշնակիցներ ձեռքբերելու համար:

«Կարևոր են Մակրոնի հայտարարությունները և այն երկխոսությունը, որ ունեցանք ընթրիքի ժամանակ՝ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի ու Արցախի հարցով: Մենք ցանկացանք շեշտը դնել Արցախի վրա, որովհետև մեզ համար այն առաջնահերթություն է, բայց նաև չցանկացանք անտեսել Թուրքիայի հարցը, Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենքը, մեր պահանջն էր նաև, որ Ֆրանսիայի օրացույցում ապրիլի 24-ը նշվի իբրև Հայոց ցեղասպանության օր: Նա սա ընդունեց, ինչպես նաև այն, որ ժխտողականության օրենքին պետք է նոր ընթացք տրվի»,- ասաց նա:

Փափազյանի խոսքով՝ Մակրոնը գիտակցում է, որ քաղաքական դասակարգը և ժողովուրդը կողմ է այս օրենքին, քանի որ արդեն 4 անգամ քվեարկեցին, բայց ՍԴ-ի կողմից չեղարկվեց, և սա նորմալ չէ, որ Սահմանադրական դատարանը գնում է քաղաքական դասակարգի ու ժողովրդի դեմ: Բանախոսը նշեց, որ ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի նախագահին հրավիրել է՝ գալ Արցախ, Մակրոնը հրաժարվել է՝ նշելով, որ այդ դեպքում կողմնակալ կհամարվի, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մաս է, չի կարող կողմնակալ լինել:

«Բայց նա նաև ավելացրեց՝ երբ հարցը լուծվի, ես ձեզ հետ կգամ Արցախ: Եթե մեզ հետ կգա, սա նշանակում է, որ միայն հայկական Արցախ կարող է գալ»,- ասաց նա: Փափազյանը նշեց, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանին իրենք հրավիրել էին իրենց ամենամյա ընթրիքին, որովհետև նկատում են՝ նա լուրջ վտանգի տակ է, և այն, ինչ պատահեց Հրանտ Դինքին, կարող է նաև նրան պատահել: Մակրոնը խոստացել է խոսել, որ Փայլանն անվտանգության մեջ լինի:

«Մակրոնը շեշտադրեց երկխոսության կարևորությունը, մենք էլ նշեցինք՝ ինչպե՞ս երկխոսություն ունենանք Էրդողանի և Ալիևի հետ: Մենք բախտավոր չենք, որ մեր դիմաց ունենք Էրդողանի ու Ալիևի նման գործիչների, ովքեր խաղաղություն չեն ուզում, չեն ուզում հարցերը լուծել, միայն ազգայնական քաղաքականություն են տանում և միջազգային հանրության խորհուրդներին ականջալուր չեն լինում»,- ասաց նա:

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Ֆրանսիայում նախատեսված են տոնական միջոցառումներ՝ դասախոսություններ, ցույցեր, դաստիարակչական բնույթ ունեցող, տեղեկատվական հանդիպումներ, այլ տոնական միջոցառումներ:

Ապրիլի 24-ին այս տարի ևս պահանջատիրական ակցիա է լինելու, որին Կառավարությունից ներկայացուցիչներ կլինեն, Մակրոնի մասնակցությունը դեռ հաստատված չէ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս պահանջատիրական ակցիաներ կլինեն նաև Ֆրանսիայի մեծ ու փոքր քաղաքներում: «Հուսով ենք՝ մինչ այդ Մակրոնը ապրիլի 24-ը պաշտոնապես կընդունի, նաև պետք է շարունակենք ճնշում բանեցնել Արցախի հարցում, մեզ համար կարևոր է, որ Սփյուռքը առաջնահերթություն դնի Արցախի հարցում»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում