Թուրքիայում կրկին ձերբակալվում են «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ բողոքող քաղաքացիները

Թուրքիայում կրկին ձերբակալվում են «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ բողոքող քաղաքացիները

Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սոցիալական մեդիայում «Ձիթենու ճյուղ» գործողության մասին գրառում կատարած 449 մարդ է ձերբակալվել: Բացի այդ, ձերբակալվել է նաև փողոցում բողոքի ցույց իրականացրած 124 մարդ: Նրանք բոլորը մեղադրվում են ահաբեկչության քարոզչություն անելու մեջ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մինչ օրս խոստովանել է 9 թուրք զինվորի կորուստ: Քրդական կողմի համոզմամբ՝ թուրքական զինուժի կորուստները շատ ավելի են:

Անգլիայում գործող Մարդու իրավունքների հետազոտման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների հետևանքով մահացել է քաղաքացիական 68 անձ, այդ թվում և 21 երեխա:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում