Տեղի ունեցավ «Ելք»-ի երթն ընդդեմ գնաճի

Տեղի ունեցավ «Ելք»-ի երթն ընդդեմ գնաճի

Երևանում տեղի ունեցավ «Ելք» խմբակցության երթն ընդդեմ գնաճի: Շառլ Ազնավուրի հրապարակում խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Մանե Թանդիլյանը հանդես եկան ելույթներով:

Նրանք նշեցին, որ դուրս են եկել երթի հանուն ցածր գների, ազատ մրցակցության և հավելեցին, որ միայն պայքարի միջոցով է հնարավոր բերել փոփոխություն Հարկային օրենսգրքում:

Արամ Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձավ տնտեսության զարգացմանը և ավելացրեց, որ «անհրաժեշտ է հորինել նոր բան»: «Մեզ հրաշք է պետք, այնպիսի հրաշք, ինչպիսին Սինգապուրում, Իսրայելում է»,- ասաց Սարգսյանը:

Երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից և ավարտվեց նույն վայրում: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փետրվարի 6-ին կազմակերպելու են Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաք, պատրաստել են փաթեթ և առաջարկում են բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկը, դիզվառելիքի ավելացրած արժեքի հարկը վերադարձնել նախկին մակարդակին, եկամտահարկը նույնպես բերել նախորդ սահմանաչափին:

Նա հայտարարեց, որ այն պահին, երբ նոր երթ անցկացնելու անհրաժեշտություն տեսնեն, այդ մասին կիրազեկեն հանրությանը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: ՏՄՊՊՀ մոնիտորինգի համաձայն ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով:

Հունվարի 23-ին Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ: Լսումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով նախաձեռնել էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում