Ներում շնորհելու ՀՀ նախագահի լիազորությունները նոր օրենքով չեն վերանում

Ներում շնորհելու ՀՀ նախագահի լիազորությունները նոր օրենքով չեն վերանում

Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը վստահեցնում է, որ «Ներման մասին» նոր օրենքով ներում շնորհելու լիազորությունը ՀՀ նախագահից չի վերցվում, քանի որ այդ լիազորությունը ամրագրված է Սահմանադրությամբ: Ազգային ժողովում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ընդգծեց, որ այն մեխանիզմները, որոնք սահմանվել են օրենքի նախագծով, նույնպես ամրագրված են Սահմանադրության մեջ: «Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է, որ ներման մասին հանրապետության նախագահին պարտադիր պետք է առաջարկ ներկայացվի, և ըստ այդմ որոշվել է, որ այդ մարմինը կառավարման խորհրդարանական համակարգի պարագայում պետք է լինի երկրի վարչապետը, որը ունենալու է նաև խորհրդատվական հանձնաժողովի հավաքական կարծիքը: Մենք չենք կարծում, որ նախագահի լիազորությունները վերցվում են»,- նշեց Քրմոյանը՝ հավելելով, որ Սահմանադրության կարգավորումներն ամբողջությամբ իրենց բացվածքը ստացել են օրենքի նախագծում:

Քրմոյանն ընդգծեց, թե ուսումնասիրել են միջազգային փորձը՝ հավելելով, որ առաջարկություն ներկայացնելու ինստիտուտը գործում է մի շարք երկրներում՝ Բելգիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում: «Մի տեղ այդ առաջարկությունը ներկայացնում է կառավարությունը ի դեմս վարչապետի, մի տեղ՝ արդարադատության նախարարությունը, մի տեղ ներկայացնում է դատախազությունը»,- ասաց փոխնախարարը:

Միևնույն ժամանակ Սուրեն Քրմոյանը շեշտեց, որ հանրապետության նախագահը կարող է առարկություններով ներման հրամանագիրը ետ ուղարկել վարչապետին, ինչպես նաև դիմել Սահմանադրական դատարան, եթե կարծում է, որ ներկայացված փաստաթուղթը չի բխում Սահմանադրության պահանջներից: «Հետևաբար, մենք պահպանել ենք հանրապետության նախագահի այն լիազորությունները, որոնք հստակ սահմանված են Սահմանադրությամբ»,- նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով ներման հրամանագրերը հրապարակային դարձնելու վերաբերյալ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ Սուրեն Քրմոյանն ընդգծեց, որ նպատակահարմար չեն համարում հրամանագրերի հրապարակումը, քանի որ այդպիսով կկաշկանդեն հանրապետության Նախագահին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում