Սեւանա լճի մակարդակը նվազում է սակավ մուտքերի պատճառով

Սեւանա լճի մակարդակը նվազում է սակավ մուտքերի պատճառով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի առաջին օրերի համեմատ արդեն նվազել է 4 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից,2018 թվականի փետրվարի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 41 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Սեւան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սեւանի մակարդակի նվազման պատճառը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը այն հիմնականում պայմանավորեց ջրի սակավ մուտքերով:

«Անցած տարվա հոկտեմբերից Սեւանա լճից ջրբացթողումները դադարեցված են, սակայն եթե լճի մակարդակը նվազում է, դա նշանակում է, որ լիճ թափվող գետերն են գտնվում սակավաջուր վիճակում, ինչին էլ ավելանում է տեղումների սակավ քանակությունը,որը համեմատաբար նվազ է եղել ձմռան առաջին երկու ամիսների եւ փետրվարի առաջին 8 օրերի ընթացքում: Արփա-Սեւան թունելային ջրատարն էլ այս տարի դեռեւս չի գործարկվել»,-նշեց վարչության պետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում