Պատերազմի վերաբերյալ կանխատեսումները պետք է ունենան չափազանց լուրջ հիմքեր. Վարդան Ոսկանյան

Պատերազմի վերաբերյալ կանխատեսումները պետք է ունենան չափազանց լուրջ հիմքեր. Վարդան Ոսկանյան

Պատերազմի վերաբերյալ կանխատեսումները պետք է ունենան չափազանց լուրջ հիմքեր: Անտեղի է Ադրբեջանում ցանկացած «փռշտոց» համարել պատերազմական գործողությունների սկիզբ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Հայկական կողմը և Ադրբեջանը, ըստ էության, գտնվում են պատերազմի մեջ, այն երբևիցե չի դադարել` լինի շփման գծում, քարոզչական դաշտում, այնտեղ, որտեղ հայկական կողմի ու Ադրբեջանի շահերը բախվում են: Հետևաբար, մեր հասարակության մեջ լրացուցիչ անհանգստություն առաջացնելը` պարբերաբար խոսելով Ադրբեջանի կողմից նախաձեռնվելիք պատերազմի վերաբերյալ` կապելով պատերազմի հնարավորությունը երկրի ներսում ընթացող ցանկացած գործընթացի հետ, ճիշտ չէ»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է մի բան. հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի ցանկացած պահի, ինչի ուղղությամբ էլ համապատասխան մարմիններն աշխատում են:

«Անշուշտ, այդ աշխատանքները չի կարելի լիովին անթերի համարել, բայց հայաստանյան հասարակության մեջ լրացուցիչ անհանգստություններ առաջացնելը կոպտագույն սխալ է: Մենք չենք կարող մեր հասարակությանը անընդհատ պահել պատերազմի սպասման մեջ: Հետևաբար, պատերազմի վերաբերյալ կանխատեսումները պետք է ունենան չափազանց լուրջ հիմքեր»,– ասաց նա: Արևելագետի կարծիքով, Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու գործում արցախյան հիմնախնդիրն առաջնային չէ:

«Մի բան հստակ է, Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախի սահմանների անվտանգությունը լավագույնս ապահովում է հայ զինվորը: Որևէ խաղաղապահ ուժ չի կարող դա անել, այնպես, ինչպես անում են մեր տղաները»,– հավելեց Վարդան Ոսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում