«Բոլոր հարցերի պատասխանը կտանք մայիսի 1-ին, ժամը 19:00-ին, Ազնավուրի հրապարակում»

«Բոլոր հարցերի պատասխանը կտանք մայիսի 1-ին, ժամը 19:00-ին, Ազնավուրի հրապարակում»

Առավոտ-ի Հարցազրույցը ՍԴՀԿ Հայաստանի վարչության նորընտիր ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ

– Պարոն Աճեմյան, շատերի համար անակնկալ էր Ձեր՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ընտվելու փաստը: Դուք բնակվում եք Միացյալ Նահանգներում, դժվար չի՞ լինելու ղեկավարել հայաստանյան քաղաքական կուսակցություն:

– Նախ, որքան էլ ես բնակվել եմ Միացյալ Նահանգներում, օրենքով սահմանված կարգով ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչով եւ հպարտ եմ: Սա՝ իրավական մասով: Քաղաքական առումով՝ ես երկար տարիներ զբաղեցրել եմ կուսակցական տարբեր պաշտոններ, սակայն բոլորն էլ գիտեն, որ ամեն անգամ առիթն օգտագործել եմ Հայաստանի մեր ընկերների կողքին կանգնելու համար: Ես հավատացած եմ, որ մեր բոլորիս աչքերն ու հայացքները պետք է հառված լինեն Հայաստանին, մենք բոլորս ամեն ինչ պետք է անենք մեր Հայրենիքում մեկ քար ավելի դնելու համար՝ անկախ ցանկացած օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դժվարություններից: Հնչակյան կուսակցությունն այդ առումով բացառություն չէ: Այո՛, մենք միասին ամեն ինչ պետք է անենք, որ մեր արդեն 131-ամյա քաղաքական ուժն իր գաղափարներն ու ծրագրերը Հայաստանում կյանքի կոչելու հնարավորություն ունենա: Իբրեւ ատենապետ՝ կկարողանա՞մ այդ հարցում օգտակար լինել. համենայնդեպս, ամեն ինչ կանեմ իմ ընկերների հետ միասին: Մի մոռացեք, որ Հնչակյան կուսակցությունը ոչ թե վերեւից ներքեւ, այլ ուղիղ հակառակ տրամաբանությամբ կառավարող քաղաքական կազմակերպություն է: Այսօր մեր առջեւ կան բազում մարտահրավերներ, որին կուսակցությունը պարտավոր է տալ համաչափ գնահատականներ:

– ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 11-րդ համագումարը թողեց բազում անպատասխան հարցեր՝ կապված առաջիկա քաղաքական վերաձեւակերպումների հետ: Առաջիկայում ընտրվելու է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ, հետո՝ շուրջ մեկ ամիս անց, վարչապետ: Արդեն գրեթե պարզ է, որ նախագահ է դառնալու Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը: Հնչակյան կուսակցությունում ի՞նչ կարծիք ունեն այս թեկնածուի մասին:

– Այստեղ ես պարտավոր եմ, հանուն անկեղծության, երկու փաստ նշել: Առաջինը՝ ցավոք, մեր կուսակցությունը խորհրդարանական չէ, ուստի զուտ քվեարկության առումով զրկված է որոշումների վրա ազդելու ցանկացած հնարավորությունից: Երկրորդ՝ պարոն Սարգսյանն ինքն է բազմիցս հայտարարել, որ դեռ չի որոշել իր վերջնական անելիքը: Նա անցկացնում է քաղաքական հանդիպումներ, եւ ՍԴՀԿ-ն նույնպես, բնականաբար, պատրաստվում է հանդիպել ՀՀ նախագահի թեկնածուի հետ: Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի անձին, ապա պարզից էլ պարզ է, որ նա բավական բարձր միջազգային հեղինակություն, դիվանագիտական հսկայական փորձառություն ունեցող անձնավորություն է: Եվ կրկին բնական է, որ մենք պարտավոր ենք ընդունել պարոն Սարգսյանի այն դրական վարկանիշը, որ կա ե՛ւ արտասահմանում, ե՛ւ Հայաստանում: Մնացյալ առումներով, երբ մենք ծանոթանանք պարոն Սարգսյանի ծրագրերի հետ, ինչպես նաեւ կիսվենք մեր բազմաթիվ մտահոգություններով, այդ ժամանակ մեր կարծիքը հստակ կտանք:

– Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանը դառնալու է ՀՀ հաջորդ վարչապետը: Այդ հնարավորությունը նրան ընձեռում են սահմանադրական այն փոփոխությունները, որոնց, ի դեպ, ժամանակին Հնչակյան կուսակցությունը կողմ է արտահայտվել: Ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի՝ վարչապետի հնարավոր թեկնածությանը:

– Այո՛, մենք կողմ ենք արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, կամ, այսպես արտահայտվեմ, մենք մշտապես եղել ենք խորհրդարանական կառավարման կողմնակից: Իհարկե, եղան բացեր, որոնք մեր սրտով էլ չէին, օրինակ՝ ռեյտինգային ընտրակարգը, որը, մեծ հաշվով, մեծամասնական ընտրակարգի խեղաթյուրված տարբերակն է: Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չոր կուսակցական ցանկերի կողմնակից է, որպեսզի ՀՀ քաղաքացին հնարավորություն ունենա քվեարկելու քաղաքական ուժի ծրագրերին, այլ ոչ թե անհատներին: Սա՝ իմիջիայլոց:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հնարավորությանը, ապա նախ՝ Հնչակյան կուսակցությունը չէ, որ պետք է տա այս հարցի պատասխանը: Վարչապետ առաջադրելու սահմանադրական իրավունքը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը: Երբ վարչապետի թեկնածուները պաշտոնապես առաջադրվեն, այն ժամանակ էլ մենք կտանք մեր պաշտոնական տեսակետը:

– Հնչակյան կուսակցությունը մշտապես խոսում է սոցիալական արդարության մասին, սակայն դեռեւս գործնական քայլեր կամ ճանապարհային քարտեզ հանրությունը չի տեսել: Կա՞ որեւիցե հստակ քայլ, որ դուք նախատեսում եք անել:

– Քաղաքական աշխատանքը միշտ չէ, որ պետք է երեւացող լինի, սակայն ես էլ համաձայն եմ, որ անհրաժեշտ է խոսել կոնկրետ գործողություններից: Երկրում առկա բազմաթիվ մարտահրավերների, մեր մտահոգությունների եւ դրանց լուծումների հնչակյան տարբերակները քննարկելու համար ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հրավիրելու է հանրահավաք՝ մայիսի 1-ին, ժամը 19:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում: Այնտեղ էլ կխոսենք մնացյալի մասին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում