Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք կունենա միայն դատապարտյալը, ներման առաջարկ ՀՀ նախագահին կներկայացնի վարչապետը

Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք կունենա միայն դատապարտյալը, ներման առաջարկ ՀՀ նախագահին կներկայացնի վարչապետը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար սկսել է քննարկել «Ներման մասին» օրենքի նախագիծը, որը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ օրենքով սահմանվել են ներման խնդրագիր ներկայացնելու սուբյեկտները: «Թեպետ միջազգային պրակտիկայում կան դեպքեր, երբ ներման խնդրագիր կարող են ներկայացնել թե դատապարտյալը, թե այլ անձինք, այնուամենայնիվ, մեր Սահմանադրության պահանջն է, որ ներման խնդրագիրը կարող է ներկայացնել միայն դատապարտյալը՝ որպես բացառիկ իրավունքի սուբյեկտ: Ըստ այդմ՝ համապատասխան կարգավորումներ են նախատեսվել օրենքով: Միևնույն ժամանակ, չբացառելով այն հնարավոր դեպքերը, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, տարբեր հեղինակավոր անձինք դատապարտյալի մերձավորները ներում շնորհելու միջնորդությամբ կարող են դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին, նախագծում սահմանվել է, որ դատապարտյալին ներում շնորհելու միջնորդություն կարող է ներկայացվել: Նախագծում չեն սահմանվել միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտները, սակայն դրանք հիմք են ներման հետ կապված գործընթաց սկսելու համար բացառապես այն դեպքում, երբ կա դատապարտյալի ներման խնդրագիրը»,- ընդգծեց Քրմոյանը:

Օրենքի նախագծում սահմանվել են դրույթներ ներման խնդրագրի ինստիտուտի վերաբերյալ: «Դատապարտյալը խնդրագրում պետք է անդրադառնա գործի հակիրճ նկարագրությանը, ներկայացնի խնդրի էությունը: Նախատեսվել է կարևոր դրույթ, որ պետք է սահմանվի դատապարտյալի վերաբերմունքը իր կատարած հանցանքի վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե դատապարտյալը չի պահպանում պարտադիր պահանջները, նրա խնդրագիրը պետք է քննարկման առարկա դառնա»,- մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը:

Նախագծով սահմանվել են նաև ներման դրսևորումները: «Մասնավորապես սահմանվել է, որ նախագահի հրամանագրով դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, բացի դրանից՝ պատիժը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով: Հրամանագրի հիման վրա դատապարտյալը չի կարող ազատվել դատական ակտով սահմանված նյութական կամ ոչ նյութական վնասը հատուցելու պարտականություններից, ինչպես նաև չի կարող հանվել դատվածությունը»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Օրենքը կարգավորում է նաև ներման գործում ներգրավված մարմինների փոխհարաբերությունները: «Սահմանադրության 139 հոդվածի լույսի ներքո ամրագրվել է, որ նախագահին առաջարկություններ ներկայացնելու է հանրապետության վարչապետը: Սահմանադրության պահանջն է, որ հանրապետության Նախագահին ներում շնորհելու մասին առաջարկություն պետք է ներկայացնի որևէ մարմին: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը: Ներում շնորհելու առաջարկություն ներկայացնում է որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ: Մենք պահպանել ենք նաև ներման հարցերով խորհրդատվական հանձնաժողովի գոյությունը, և վարչապետին կից կստեղծվի այդ հանձնաժողովը: Ներման խնդրագրի մերժումից մեկ տարի հետո դատապարտյալը կարող է կրկին խնդրագիր ներկայացնել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են բացառիկ հանգամանքներ»,- պարզաբանեց Քրմոյանը:

Դատապարտյալը ներման խնդրագիրը ներկայացնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, որը պարտավոր է այն երեք օրվա ընթացքում ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարությունը առավելագույնը 30-օրյա ժամկետում կազմում է անձնական գործ և ներկայացնում է վարչապետին, որից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում այն ներկայացնում է ներման հանձնաժողովին, իսկ խորհրդատվական բնույթի զեկույցը 20-օրյա ժամկետում տրամադրվում է վարչապետին: Այնուհետև վարչապետի առաջարկությունը ներում շնորհելու կամ մերժելու վերաբերյալ ներկայացվում է հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիրը կամ իր առարկություններով ետ ուղարկել վարչապետին: Վարչապետը կարող է ընդունել առաջարկությունները և խմբագրել հրամանագիրը կամ չընդունել և հրամանագիրը ետ վերադարձնել նախագահին, իսկ այս դեպքում նախագահը պետք է ստորագրի այն կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը չի ստորագրում հրամանագիրը և չի դիմում Սահմանադրական դատարան, հրամանագիրն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում