Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակրի անունը. ՀՀ-ն աննախադեպ ցուցանիշ է գրանցում օլիմպիական շարժման մեջ

Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակրի անունը. ՀՀ-ն աննախադեպ ցուցանիշ է գրանցում օլիմպիական շարժման մեջ

Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Միքայել Միքայելյանն է լինելու. Հայաստանն առաջին պետությունն է աշխարհում, որը ներկայացնող մարզական ընտանիքի երեք անդամներ Օլիմպիական խաղերի պատմության մեջ դառնում են դրոշակակիրներ: Միքայել Միքայելյանից առաջ դրոշակակրի պատիվն ընձեռված է եղել նրա մորն ու եղբորը:

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, շքերթին կմասնակցեն նաեւ օլիմպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը մեկնարկի փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 15:00-ին:

Օլիմպիական խաղերի պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ մեկ ընտանիքից երեք ներկայացուցիչ լինեն մի երկրի դրոշակակիրը: 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը Ալլա Միքայելյանն էր՝ Միքայելի մայրը, 2014 թվականի Սոչիի ձմեռային Խաղերում Հայաստանի դրոշը մարզադաշտ է մտցրել եղբայրը՝ Սերգեյ Միքայելյանը և հիմա Փհենչհանի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրն է լինելու դահուկորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում