ՀՀ գլխավոր դատախազը վերջին երկու տարիներին արդարացման դատավճիռների նվազման միտում է տեսնում

ՀՀ գլխավոր դատախազը վերջին երկու տարիներին արդարացման դատավճիռների նվազման միտում է տեսնում

Հայաստանում 2017 թվականին 143 գործերով ՀՀ դատարանների կողմից արդարացման դատավճիռ է կայացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նշեց, որ ուսումնասիրություն է իրականացվել արդարացման դատավճիռների մասով , կարևորվել են դատախազների բացթողումների հետ կապված խնդիրները, ինչպես նաև ծառայողական քննություններ են նշանակվել:

ՀՀ գլխավոր դատախազը վերջին երկու տարիներին արդարացման դատավճիռների նվազման միտում է տեսնում:

«2015 թվականին դատարանների կողմից արդարացման դատավճիռ է կայացվել 136 քրեական գործերով, 2016-ին` 160, իսկ 2017-ին՝ 143 գործերով: Այս առումով հաջողվել է բացառել անթույլատրելի ապացույցներով գործեր դատարան ուղարկելու պրակտիկան: Ինչ վերաբերում է ապացույցների գնահատմանը, ապա այստեղ մեր մոտեցումը հետևյալն է` մենք չենք կարող կաշկանդել դատախազին, եթե նա թույլատրելի ապացույցների հիման վրա հանգում է նրան, որ կան անձին դատի տալու հիմքեր և նա կարող է գործը տանել դատարան: Չի բացառվում, որ դատարանը բավարար չհամարի ապացույցները և արդյունքում կայացնի արդարացման դատավճիռ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանը նշեց, որ 143 արդարացված գործերի մեծ մասը բողոքարկվել է և այս պահին դրանցից 12-ը դատարանի կողմից բավարար եզրակացություն է ստացել:

ՀՀ գլխավոր դատախազը հավելեց նաև, որ 2017 թվականին դատախազի կողմից կալանքի վերաբերյալ 165-ով պակաս միջնորդություն է ներկայացվել դատարան:

«2016 թվականին դատախազի կողմից կալանքի վերաբերյալ 1175 միջնորդություն է ներկայացվել, իսկ 2017-ին` 1010: Էապես աճել է գրավի կիրառման պրակտիկան, եթե 2016 թվականին դրանք կազմել են դատարան ներկայացված բոլոր միջնորդությունների 4.5 տոկոսը,ապա 2017 թվականին 9.5 տոկոսն է կազմել: Կարծում եմ՝ «Քրեական դատավարության» օրենսգրքի նախագծով նախատեսված այլընտրանքային բազմաթիվ այլ խափանման միջոցների կիրառումը կնպաստի ոլորտի բարելավմանը»,– եզրափակեց Դավթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում