Քաղաքացին Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանից գողացել է ոգելից խմիչք, խմել ու խորը քուն մտել

Քաղաքացին Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանից գողացել է ոգելից խմիչք, խմել ու խորը քուն մտել

Ոստիկանության Մաշտոցի բաժին զանգահարել է Հրազդանի կիրճում գտնող ռեստորանի պատասխանատուն և հայտնել, որ ռեստորանում գողություն է կատարվել, իսկ տարածքում գետնին քնած անծանոթ մարդ կա: Դեպքի վայր ժամանած բժիշկները անծանոթ տղամարդուն ալկոհոլային թունավորման ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց:

Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ կոտրել են ռեստորանի սենյակներից մեկի պատուհանի ապակին ու ներս մտել, գողացել սենյակի ջահն ու 25 տարեկան կոնյակ: Պատասխանատուն հայտնել է նաև, որ քաղաքացին վնասելով բացել է պահեստարաններից մեկի դուռը ներս մտել և գողացել 5 շիշ օղի ու կոմպոտներ:

Շուտով պարզ է դարձել, որ ռեստորանի տարածք մտած ու գողություն կատարած անձը բուժօգնության տեղափոխված Արամայիս Սողոմոնյան է:

Ժամեր անց ոստիկանները նրան գողություն կատարելու կասկածանքով բուժհաստատությունից բերման են ենթարկել ոստիկանություն: Սողոմոնյանը դեպքի վայրում ոստիկաններին պատմել է, որ գողության մտադրություն չի ունեցել, պարզապես խմել է ուզեցել, ռեստորանը պատահական է ընտրել ու ցանկապատի վրայով անցել` համոզված լինելով, որ այնտեղից անպայման խմելու մի բան կգտնի:

Տաղավարի տանիքի վրայով անցել է, քարով կոտրել սենյակի ապակին ու ներս մտել: Այնտեղից վերցրել է խոհանոցի բանալիները ու բացելով դուռը մտել խոհանոց` պահեստից օղի է վերցրել, կոմպոտ, թթու պահածո ու կեր ու խում արել:

Թե որքան է խմել չի հիշում, չի հիշում նաև, որ սենյակ է բարձրացել վառարանը վառել ու խորը քուն մտել: Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում