Թևան Պողոսյանն Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումը կապում է երկրի ներքին խնդիրների լուծման հետ

Թևան Պողոսյանն Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումը կապում է երկրի ներքին խնդիրների լուծման հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելով, ցանկանում է ավելի հեշտ հաղթահարել ընտրական փուլը: Փետրվարի 10-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը՝ նկատելով, որ Ադրբեջանում ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելը կապված է այդ երկրի ներքին կյանքի խնդիրների լուծման հետ:
«Այսպես թե այնպես, ամեն ընտրությունից առաջ միջազգային հանրությունը, իր շահերից ելնելով, փորձում է օժանդակել ընդդիմադիրներին և ինչ-որ ձևով ազդել ընտրությունների վրա: Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, և ընտրությունները կանխատեսելի են, և դժվար թե ընդդիմադիրները կարողանան լուրջ մրցակից լինել նրան, սակայն Ալիևը, ընտրությունները շուտ անցկացնելով, ժամանակ է շահում և ցանկանում է ավելի հեշտ անցնել ընտրական փուլը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ Ադրբեջանը շփման գծում սրացումների կգնա հենց զգա, որ հայկական կողմը թուլացրել է զգոնությունը:

«Պատերազմի վտանգը միշտ կա, և սրացումների զսպող ուժը հայկական կողմի հզորություն է: Ադրբեջանում երկար տարիներ քարոզվել է ատելություն հայերի նկատմամբ և Ալիևի վերջին հայտարարությունը դրանցից մեկն է: Այդ հայտարարությունների դեմ հայկական կողմը պետք է մեխանիզմներ մշակի, որպեսզի Ալիևը հաջորդ անգամ հետևի իր բառապաշարին»,- ասաց Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում