ՀՀԿ-ն չի պատրաստվում բոյկոտել «Ելք»-ի հրավիրած արտահերթ նիստը. փետրվարի 16- ի ԱԺ արտահերթ նիստը կկայանա

ՀՀԿ-ն չի պատրաստվում բոյկոտել «Ելք»-ի հրավիրած արտահերթ նիստը. փետրվարի 16- ի ԱԺ արտահերթ նիստը կկայանա

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը «Ելք»-ի հրավիրած արտահերթ նիստը բոյկոտելու նպատակ չունի և անհրաժեշտ քվորումը կապահովի նիստը սկսելու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող եք փարատել: Հանրապետական խմբակցությունը որևէ նպատակ չունի չմասնակցելու։ Մենք պետք է մասնակցենք արտահերթին», – նշեց Բաղդասարյանը:

Նա նկատեց, որ, ըստ էության, արտահերթը ոչ մի նոր խնդիր չի լուծի, քանի որ կրկնվելու են այն նույն տեսակետները, որոնք հնչել են ԱԺ-ում նույն թեմայով նախորդ ամիս կազմակերպված լսումների ժամանակ: «Լսումների ժամանակ եղածը պետք է կրկնվի։ Մենք մեր ելույթներով հիմնավորել ենք այսօրվա իրավիճակը, սակայն չենք զլանում ևս մեկ անգամ, հարգելով ընդդիմադիր գործընկներին, մասնակցել նիստին ու ևս մեկ անգամ հիմնավորել», – նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը 29 պատգամավորի ստորագրությամբ փետրվարի 16-ին արտահերթ նիստ է հրավիրել: Արտահերթ նիստ հրավիրելու փաստաթղթի տակ ստորագրել են «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Նիստի ընթացքում քննարկվելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը կներկայացնի «Ելք» խմբակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում