ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ էր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ էր

Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը հստակ և կարևոր շեշտադրումներ է պարունակում, սակայն նախընտրելի կլիներ, որ այդ հայտարարության մեջ հավասարության նշանը չլիներ և այն ավելի հասցեական լիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հավանաբար, դիվանագիտական կոռեկտությունից ելնելով, համանախագահները հստակ չեն նշել Ադրբեջան անունը, սակայն բոլորի համար պարզ է, որ այդ հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ»,- նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրում է, որ հայտարարությամբ համանախագահները շեշտում են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը: «Դրան մշտապես կողմ են հանդես եկել Հայաստանը, Արցախը և համանախագահները, դեմ` Ադրբեջանը: Համանախագահները ևս մեկ անգամ շեշտում են այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչը շատ կարևոր է»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

Համանախագահների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի և երեք հայտնի սկզբունքների հիման վրա. հստակ նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Շարմազանովի խոսքով` սա շատ կարևոր է, որ համանախագահների հայտարարության մեջ ևս մեկ անգամ` ի հեճուկս Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման, նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այսինքն, սա անքակտելի իրավունք է, որը նշվում է այս հայտարարությամբ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հայտարարությամբ քննադատության են ենթարկվում հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով մարդկային զոհեր են գրանցվում: Էդուարդ Շարմազանովը շեշտում է, որ բոլորին է հայտնի, որ այդ զոհերը լինում են հենց Ադրբեջանի պատճառով: «Համանախագահները կոչ են անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից: Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը երբեք սադրիչ հայտարարություններով հանդես չի գալիս: Սադրիչ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ոչ ավել-ոչ պակաս հայտարարելով, թե «իրենց ռազմավարական նպատակն է Երևանն ու Զանգեզուրն Ադրբեջանին վերադարձնելը»: Եվ սա դիվանագիտական լեզվով հստակ ուղերձ է Ադրբեջանին»,- ասաց նա:

Շարմազանովը շեշտեց, որ հայտարարության մեջ չկա մի կետ, որը համահունչ չէ հայկական կողմի դիրքորոշմանը: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ հայտարարությունն ավելի ուժեղ կլիներ, ավելի ամբողջական կլիներ, եթե դրանում նշված լիներ Ադրբեջան անունը: «Բայց կարծում եմ, որ բոլոր կողմերի` միջազգային հանրության, բանակցություններում ներգրավված կողմերի համար պարզից էլ պարզ է, որ այս հայտարարության ուղերձները դրված են ընդդեմ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության: Ամենակարևորը` չկա մի կետ, որը դեմ է հանդես գալիս հայկական կողմի դիրքորոշմանը»,- եզրափակեց Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում