Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ դառնալու դեպքում չի բացառում հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ դառնալու դեպքում չի բացառում հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու և ընտրվելու դեպքում չի բացառում հանդիպումները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել առաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել:

«Մենք ունեցել ենք բավականին բաց քննարկումներ: Որոշ հարցերի վերաբերյալ նրանց գնահատականների հետ ես համաձայն չեմ. կային նաև այլ հարցեր, որոնց վերաբերյալ մենք ընդհանուր կարծիք ունենք: Կարծում եմ` մեր հարաբերությունները նույն կերպ կշարունակվեն»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Լրագրողներից մեկի հարցին` պատրաստվո՞ւմ է առանձին հանդիպում ունենալ Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման հանդիպման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ես որոշում կայացնեմ առաջադրվել և երբ ընտրվեմ ՀՀ նախագահի պաշտոնում: Այս ժամանակ գուցե հանդիպեմ հանրապետության և’ առաջին, և’ երկրորդ նախագահների հետ»,-շեշտեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում