Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական նշանակություն ունեն Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցում. Ռադև

Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական նշանակություն ունեն Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցում. Ռադև

Բուլղարիան և Հայաստանն ունեն մեկ ընդհանուր դիրքորոշում Պարսից ծոցը Սև ծովով Եվրոպային միացնող տրանսպորտային բազմամոդալ միջանցքի ստեղծման հարցում: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: «Մեր երկրները ռազմավարական նշանակություն ունեն բազմամոդալ միջանցքի ստեղծման հարցում: Ողջունում եմ նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարը, որ այս հարցը լինի շահագրգիռ երկրների տրանսպորտի նախարարների ուշադրության կենտրոնում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բուլղարիայի նախագահը:

Նա նշեց, որ երկու երկրների ժողովուրդները նախագահներից ակնկալում են ավելի սերտ համագործակցություն: «Բուլղարիայում հայկական համայնքը ոչ միայն պահել իր ազգային ինքնությունը, այլև բացառապես լավ ու օգտավետ կերպով ընդգրկված է մեր երկրի հանրային, մշակութային ու պետական հարթակներում: Կարծում եմ` համայնքը կարող է ծառայել կենդանի կամուրջ մեր հարաբերությունների ամրապնդման գործում»,-ավելացրեց Ռումեն Ռադևը:

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը` բարձրաստիճան հյուրը նկատեց, որ դրանք ավելի բարձր մակարդակի կարող են հասցվել: Նա ասաց, որ Բուլղարիայից Հայաստան ժամանած փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներն արդեն հանդիպել են հայաստանցի գործընկերների հետ ու համաձայնության են եկել հունիսին Բուլղարիայում անցկացնել գործարար համաժողով: «Մենք ողջունում ենք Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագիրը, քանի որ այն մեծ հնարավորություն է ստեղծում երկու պետությունների տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում»,– նշեց նախագահ Ռադևը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում