Պեյո Յավորովը բորբոքել է հայերի և բուլղարացիների բարեկամության կայծը. Բուլղարիայի նախագահ

Պեյո Յավորովը բորբոքել է հայերի և բուլղարացիների բարեկամության կայծը. Բուլղարիայի նախագահ

Բուլղարացի ժողովրդի գիտակցության մեջ հայ ազգը մարմնավորվում է իր ազատասիրությամբ, պայքարով և մարդասիրությամբ. նման տեսակետի ձևավորման գործում մեծ դեր է ունեցել բանաստեղծ Պեյո Յավորովը: Փետրվարի 12-ին Երևանում մեծ բանաստեղծի անվան թիվ 131 հիմնական դպրոց էր այցելել պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:

«Ինձ համար մեծ պատիվ է այցելել այս հանրահայտ դպրոցը: Բուլղարացիների գիտակցության մեջ հայ ազգը մարմնավորվում է իր ազատասիրությամբ, պայքարով և մարդասիրությամբ: Եվ դա մեծապես կախված է մեծ գրող Պեյո Յավորովից: 1899-ին «Հայեր» ստեղծագործությունում նա հայերին, հայերի տանջանքը, ժողովրդի խորագույն ձգտումը դեպի ազատություն ներկայացրել է ողջ աշխարհին: Յավորովը բորբոքել է այն կայծը, որը հետագայում իբրև երկու ժողովուրդների բարեկամացել է հայերին և բուլղարացիներին: Եվ այդ կրակը, որ հիմա վառվում է, իրականում այդ կայծի շարունակությունն է»,-ասաց Բուլղարիայի նախագահը:

Դպրոց այցի ընթացքում կայացավ նաև Բուլղարիայի աջակցությամբ ստեղծված ինտերակտիվ ուսուցման կաբինետի բացման արարողությունը: Ռումեն Ռադևի հրամանագրով դպրոցին հանձնվեց պատվո սալիկ:

Բուլղարիայում այս տարի նշում են Յավորովի ծննդյան 140-ամյակը: Ռումեն Ռադևի խոսքով` ինքը շատ ուրախ է, որ հենց այդ տարելիցին են եկել մեծ գրողի անվան դպրոց և դպրոցին նվիրել Յավորովի մասին հրապարակված վերջին գիրքը:

«Անչափ տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այս դպրոցում: Այն ոչ միայն հայ մշակույթի և կրթության, այլ նաև բուլղարական մշակույթի օջախ է»,-նշեց նախագահը:

Դպրոցի տնօրեն Սուսաննա Դավթյանի խոսքով` դպրոցը Պեյո Յավորովի անունով անվանակոչելը եղել է իրենց երախտիքի խոսքը բուլղարացի մեծ բանաստեղծին: «Յավորովը պայքարել է, որ արդար դատավճիռ ստանան պատմական իրողությունները: Դպրոցը հայ-բուլղարական կապերի համար յուրօրինակ կամուրջ է: Դպրոց ունենք նաև Յավորովի թանգարան, որում հայ և բուլղարական մեծ բարեկամության լուռ վկաները` իրերն ու գրականությունն են»-ասաց տնօրենը:

Դպրոցը հիմնվել է 1963-ին, 1966-ից անվանակոչվել է Պեյո Յավորովի անունով: Դպրոցն ունի մոտ 1200 աշակերտ: Ռումեն Ռադևը Բուլղարիայի երրորդ նախագահն է, ով այցելել է այդ դպրոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում