Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը խախտում է ժողովրդավարության սկզբունքները

Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը խախտում է ժողովրդավարության սկզբունքները

«Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը» Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կենտրոնը գնահատելով Ադրբեջանում կայանալիք ընտրությունների նախօրեին երկրում առկա քաղաքական և իրավական իրավիճակը նշում է, որ արտահերթ ընտրությունների մասին նախագահի հրամանագիրը, համապատասխանում է երկրի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը:

Կենտրոնը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու:

«Այս հրամանագիրը ընտրություններին նախապատրաստվելու դժվարություններ է առաջացնում բոլոր շահագրգիռ կողմերի` հնարավոր թեկնածուների, ինչպես նաև տեղական և միջազգային դիտորդների համար: Բացի այդ արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը անձի կողմից, ով հանդիսանում է ընտրությունների շահագրգիռ կողմ չի համապատասխանում ժողովրդավարական կառավարման կանոններին: Այսպիսով` գործող նախագահը կարող է իր համար բարենպաստ ժամանակաշրջանում արտահերթ ընտրություններ նշանակել(իր վարկանիշի բարձր լինելու կամ ապագայում վարկանիշի անկումը կանխատեսելու պարագայում»,-նշվում է հայտարարության մեջ:

Կենտրոնը նշում է, որ նախագահին նման լիազորություններ տալը նրան հնարավորություն է տալիս անբարեխիղճ և անհիմն ճանապարհով իր համար առավելություններ ապահովել, ինչը ժողովրդավարության տեսանկյունից չի կարող համարվել օրինական:

Կենտրոնն անդրադարձել է նաև Ադրբեջանում խոսքի ազատության և քաղբանտարկյալների խնդիրներին:

«Ցավով նշում ենք, որ Ադրբեջանում կան ավելի քան 140 քաղբանտարկյալներ և այդ երկրում սահմանափակվում է խոսքի ազատությունը: 2017թ-ի մարտից սկսած արգելափակվել են մի շարք անկախ ԶԼՄ-ների կայքեր: Ադրբեջանում ընտրություններից առաջ սոցիալական ցանցերի ակտիվիստները զանգվածային քրեական հետապնդումների են ենթարկվում, այդ երկրում ժողովրդավարական մթնոլորտ չի ապահովվում »,-նշված է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը անդրադառնալով 2013թ-ի հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններին նշում է, որ դրանից հետո քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ շարունակվող քաղաքական ճնշումները խիստ սահմանափակել են քաղաքացիական հասարակության կարողությունները ընտրողներին կրթելու և տեղական ընտրությունների մոնիտորինգը պատշաճ կազմակերպելու տեսանկյունից:

«Ելնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրախորհրդի, Վենետիկյան հանձնաժողովի և նախորդ ընտրությունների վերաբերյալ դատական եզրակացություններից կարելի է համարել, որ այդ երկրում ժողովրդի կամքի ազատ արտահայտմանն ուղված բարեփոխումներ չեն իրականացվել և մրցակցային քաղաքական միջավայր չի ստեղծվել: Ադրբեջանում Խոսքի ազատության, հավաքի և ասոցիացիայի ազատության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ազատ գործունեության հնարավորություններ չկան»,-ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը գնահատելով ապրիլին կայանալիք ընտրությունների շուրջ ստեղծված պատկերը նշում է, որ հաշվի առնելով Ադրբեջանում առկա հիմնական ընդդիմադիր ուժերի` Ժողովրդական ճակատի և Մուսավաթի կողմից ընտրությունները բոյկոտելու, «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի բանտարկված լինելու հանգամանքները, այս ընտրությունները ըստ երևույթին կլինեն առանց քաղաքական այլընտրանքի:

«Միջազգային կազմակերպությունների առաջարկությունները Ընտրական հանձնաժողովներում քաղաքական ուժերի հավասար ներկայացման, բողոքների օբյեկտիվ քննության, թեկնածուների գրանցման պարզեցման վերաբերյալ 15 տարի է իրականացվում: Այդուհանդերձ մենք ներկայացնում ենք ազատ և արդար արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ մի շարք առաջարկներ: Առաջարկում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին և ճանաչել քաղաքական կուսակցությունների իրավունքը իրենց հանդիպումները, այդ թվում, բողոքի ակցիաները անցկացնելու տեսանկյունից : Դադարեցնել քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները: ԿԸՀ ստորագրությունների ցուցակների տրամադրման եւ ընտրողների ստորագրությունների ստուգման հարցերում հանրային և հասարակական վերահսկողություն ապահովել: Վերականգնել արտասահմանյան ռադիոների գործունեությունը և դադարեցնել անկախ ԶԼՄ-ների կայքերի արգելափակումները: Պետական հեռուստատեսությամբ եթերաժամեր տրամադրել քաղաքական ուժերին, այդ թվում նրանց, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին, որպեսզի ընտրողները մանրամասն ծանոթանան քաղաքական ուժերին և նրանց պահանջներին»,- եզրափակել է «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում