Հայաստանը դեռևս չի ստացել ռուսական գազի գնից ավելի մրցունակ առաջարկ

Հայաստանը դեռևս չի ստացել ռուսական գազի գնից ավելի մրցունակ առաջարկ

Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան ռուսականն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ իրանական գազի գնի վերաբերյալ քննարկումները չեն դադարում, բայց այս պահին ամենամրցունակը Ռուսաստանից ներկրվող գազինն է: «Մշտական քննարկումները շարունակվում են, դրանք երբեք չեն դադարել: Իրանական կողմն է ասել, որ իրենք ավելի մրցունակ գին այս պահին չեն կարող առաջարկել: Մենք չունենք գազի ավելի մրցունակ գին, քան Ռուսաստանից տրվող գինն է: Ներկայում այդպես է իրավիճակը, երբ ինչ-որ բան փոխվի, դուք կիմանաք»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: «Մենք այս հարցը քննարկում ենք, եւ ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք»,-նշել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում