Բուլղարիայի գործարար պատվիրակության հետ քննարկվել են հայ-բուլղարական գործարար կապերը

Բուլղարիայի գործարար պատվիրակության հետ քննարկվել են հայ-բուլղարական գործարար կապերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Բուլղարիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որի կազմում էին Բուլղարիայի նախագահի՝ տնտեսական զարգացման և ներդրումների հարցերով քարտուղարը, ՓՄՁ գործակալության գործադիր տնօրենը, Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի և առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բուլղարիայի գործարար պատվիրակությանն ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Ըստ նախարարի տեղակալի, թեպետ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը բարձր տեմպեր է գրանցում, այնուամենայնիվ անհրաժեշտ է բազմազանեցնել արտահանումը։ Հովհաննես Ազիզյանը հյուրերին համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական ցուցանիշները, արտոնյալ շուկաները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագիրը և այլ հնարավորություններ։ Նախարարի տեղակալի խոսքով՝ համատեղ արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը կարող է հեռանկարային լինել։ Բուլղարական կողմի հետ քննարկվել են դեղագործության, հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա երկրորդ կեսին պաշտոնական այցի և B2B հանդիպումների ձևաչափով շարունակել համագործակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում