Գավառի բնակչին հրազենային վնասվածք հասցնելու դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է

Գավառի բնակչին հրազենային վնասվածք հասցնելու դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառի բնակչին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փետրվարի 12-ին՝ ժամը 21:10-ին, «Գավառ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «Զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Գավառի բնակիչ է՝ ծնված 1987 թ., հրազենային վնասվածք ստանալու դեպքի վայրը։

Նախնական տվյալներով՝ Գավառի բնակիչ Հ. Հարությունյանը հրազենային վնասվածքը ստացել է նույն քաղաքի բնակիչներից մեկի տանն արձակված կրակոցների հետևանքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակոցի հետքեր, փայտի վառարանում՝ տրորված գնդակ, դրսի արտաքնոցում՝ 6 հատ պարկուճ և արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ անձ ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում