Ռադևը հայկական կոնյակը հրաշալի որակի է համարում և բուլղարական շուկայում գովազդման անհրաժեշտություն է տեսնում

Ռադևը հայկական կոնյակը հրաշալի որակի է համարում և բուլղարական շուկայում գովազդման անհրաժեշտություն է տեսնում

Հրաշալի որակ ունեցող հայկական կոնյակը բուլղարական շուկայում ավելի շատ գովազդման կարիք ունի: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` ասաց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Երևանի կոնյակի գործարան իր այցի ընթացքում: «Հայկական կոնյակն արդեն իսկ բուլղարական շուկայում է, բայց ես կարծում եմ, որ այն ավելի շատ գովազդման կարիք ունի, որպեսզի մարդիկ ավելի շատ իմանան ձեր արտադրանքի մասին, քանի որ հայկական կոնյակի որակն իրոք հրաշալի է: Նաև այդ պատճառով է, որ այս յուրահատուկ արտադրանքը մեր շուկայում է: Ցանկանում եմ հաջողություն ձեզ այդ գործում»,-ասաց Ռումեն Ռադևը:

2017 թվականի տվյալներով` Հայաստանի արտահանման կառուցվածքում Բուլղարիան երկրորդ տեղում է` զիջելով միայն Ռուսաստանին: Հայաստանի ու Բուլղարիայի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 326 միլիոն 642.6 դոլար:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի պետական այցը Հայաստան մեկնարկել է փետրվարի 11-ին: Այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահն այցելել է նաև Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց: Նախատեսվում է այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ուր նրան կհյուրընկալի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի Նախագահը կայցելի Մայր Տաճար և գանձատուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում