Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված կարևոր միջոցառումներ կանցկացվեն արտերկրում

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված կարևոր միջոցառումներ կանցկացվեն արտերկրում

Արցախյան շարժման 30-ամյա տարեդարձին նվիրված մի շարք կարևոր միջոցառումներ կանցկացվեն նաև արտերկրում: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս պահին չեմ ցանկանում փակագծերը շատ բացել, բայց տարվա ընթացքում մի շարք կարևոր միջոցառումներ կանցկացվեն տարբեր երկրներում»,- ասաց Բաբայանը:

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներն Արցախում արդեն մեկնարկել են: Դավիթ Բաբայանը հայտնեց, որ փետրվարի 12-ին Մարտունի և Հադրութ քաղաքներում տեղի են ունեցել հանրահավաքներ, փետրվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել մայրաքաղաք Ստեփանակերտում: «Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել են արցախյան շարժման ակտիվիստներ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք: Տեսաուղերձներ են հղել հայ ժողովրդի բարեկամները ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից»,- մանրամասնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Նա հավելեց, որ փետրվարի 19-ին և 20-ին Արցախում տեղի կունենան արդեն ավանդական դարձած տարբեր խոշոր միջոցառումներ, սակայն շեշտեց, որ ընդհանրապես միջոցառումները հանրապետության ողջ տարածքում կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում: Գրեթե ամեն օր տարբեր միջոցառումներ են անցկացվելու համալսարաններում, դպրոցներում, կրթական այլ օջախներում, հեռուստատեսությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում