Հայաստանում ապրիլին մաքսային բոլոր գործառույթները կտեղափոխեն էլեկտրոնային հարթակ

Հայաստանում ապրիլին մաքսային բոլոր գործառույթները կտեղափոխեն էլեկտրոնային հարթակ

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ավելի քան վստահ է, որ ապրիլին ավարտին կհասցնեն մաքսային բոլոր գործառույթները էլեկտրոնային հարթակ տեղափոխելու գործընթացը: Այս մասին պաշտոնյան հայտարարեց Արարատյան մաքսակետ շրջայցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում: «Տարվա սկզբին, ինչպես գիտեք, ՀՀ նախագահից հանձնարարություն ստացանք, որ մաքսիմալ արագ ամբողջ գործառույթները տեղափոխենք էլեկտրոնային հարթակ: Այն ավելի կհեշտացնի մեր տնտեսվարողների գործունեությունը և չի ստիպի, որ ամեն պատեհ ու անպատեհ առիթով այցելեն մաքսատուն, այլ իրենց գրասենյակներից իրականացնեն այս գործառույթները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդան Հարությունյանը` հավելելով, որ որոշել են առավելագույնս արագ կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Նա ընդգծեց, որ մոտ ապագայում բոլոր մաքսատներում պետք է առկա են լինեն «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատող, նորագույն տեխնիկայով վերազինված սպասարկման սրահներ: Ինչ վերաբերում է մաքսատների կահավորման ժամկետներին, Վարդան Հարությունյանն ասաց, որ դա ավելի շատ շինարարական աշխատանքների հետ կապված հարց է, հետևաբար, դժվարացավ ժամկետներ նշել: «Էականն այստեղ գործառույթն է, որ ավելի հասանելի լինի»,-ավելացրեց ՊԵԿ նախագահը:

Ի պատասխան հարցադրմանը, ըստ որի «2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը, գործընթացն ինչպե՞ս է ընթանում, տնտեսավարողները տեղեկացվա՞ծ են, ի՞նչ խնդիրների են հանդիպում»` Վարդան Հարությունյանն ասաց. «Առանձնապես խնդիրներ չկան: Այն գործարարները, որոնք առնչվում են մաքսային հայտարարագրման հետ, նրանք տեղեկացված են բոլոր գործընթացներից: Ուզում եմ ընդգծել, որ խորհրդատվական բնույթի ցանկացած հարցով ցանկացած մաքսավոր պատրաստ է խորհուրդ տալ ու օգնել: Երկկողմանի մոնիտորների առկայությունը հենց դա է փաստում, որ մեր գործարարները իրենք էլ մտնեն այդ գործընթացի մեջ ու մատչելի դառնա իրենց համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում