Հայաստանը և Ճապոնիան ստորագրեցին ներդրումների ազատականացման և պաշտպանության համաձայնագիր

Հայաստանը և Ճապոնիան ստորագրեցին ներդրումների ազատականացման և պաշտպանության համաձայնագիր

այաստանը և Ճապոնիան ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր ստորագրեցին: Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ճապոնական կողմից ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անցած տարին նշանավորվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Հայաստանի և Ճապոնիայի քաղաքական հարաբերություններն անցել են զարգացման նշանակալի ճանապարհ, որի ընթացքում երկու մայրաքաղաքներում դեսպանությունների բացումն, անկասկած, իր դրական ազդեցությունն ունեցավ հարաբերությունների առավել ակտիվացման համար: Երկու երկրների միջև առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, և մենք պատրաստ ենք համատեղ ջանքերով այն լիակատար օգտագործել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նալբանդյանը:

Նա հավելեց, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջինն է, ում հետ Ճապոնիան ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր է ստորագրում, ինչը Հայաստանում բարձր են գնահատում: «Մենք համոզված ենք, որ այսօր ստորագրված համաձայնագիրը նոր խթան կարող է հանդիսանալ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար: Ինչպես ճապոնական իմաստությունն է ասում` «Համոզմունքը կարող է լեռներ շարժել, և մենք համոզմունք ունենք, որ համատեղ ջանքերով մեր երկու երկրների բարեկամական գործընկերությունը կշարժենք առաջ»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ընդգծեց, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր փուլ է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով: Այս համաձայնագիրն ամենակատարյալ և առաջադեմ պայմանագիրն է, որը նոր թափ կհաղորդի մեր տնտեսական կապերին: Այս համաձայնագրի ստորագրումը լավ հիմքի նոր սկիզբ է, նոր հիմք, որի վրա Հայաստանը և Ճապոնիան բազմաթիվ հնարավորություններ կստանան ընդլայնել և զարգացնել տնտեսական կապերը»,- ասաց դեսպանը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաձեռնելու և ղեկավարելու համար: Դեսպանը երախտիքի խոսքեր փոխանցեց նաև այն պաշտոնյաներին, ովքեր աշխատել են համաձայնագրի վրա: «Մենք առջևում նոր անելիքներ ունենք և շարունակում ենք առաջ շարժվել համագործակցության ուղիով»,- եզրափակեց Էյջի Տագուչին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում