Բժշկական սոցիալական փորձաքննության ոլորտում իրավիճակը սկզբունքորեն փոխվելու է. Կարեն Կարապետյան

Բժշկական սոցիալական փորձաքննության ոլորտում իրավիճակը սկզբունքորեն փոխվելու է. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովների կարևոր դերակատարությանը։ «Չնայած նախկինում ձեռնարկված որոշ միջոցների՝ ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունը անբավարար են։ Մասնավորապես՝ հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ և կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման և մոնիթորինգային համակարգը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետն Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ, հստակ անդրադարձ կատարելով՝ փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի և բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման, ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցման, բժշկական և կենսագործունեության փորձաքննությունների տարանջատման, ինչպես նաև գործընթացի թվայնացման և էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին:

«Այն, ինչ առաջարկում են Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարությունները, սկզբունքորեն փոխելու է իրավիճակը»,- ընդգծեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում