Արմեն Սարգսյանը Հայաստանում առկա խնդիրների հնարավոր լուծումների մեծ դաշտ է տեսնում

Արմեն Սարգսյանը Հայաստանում առկա խնդիրների հնարավոր լուծումների մեծ դաշտ է տեսնում

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը գտնում է, որ երկրում առկա խնդիրների ցանկը բավականին մեծ է, սակայն միևնույն ժամանակ նկատում է, որ մեծ է նաև դրանց հնարավոր լուծումների ցանկը: Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` ախտորոշե՞լ է Հայաստանում առկա խնդիրները և ինչպե՞ս է պատկերացնում դրանց լուծումը, Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի հասարակությունը շատ լավ ծանոթ է երկրում առկա խնդիրներին, և պետք չէ, որ ինչ-որ մեկը գա և տա դրանց ախտորոշումը:

«Բնական է, որ հարկավոր է իմի բերել այդ խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, ունենալ հստակ ծրագիր տարբեր ուղղություններով` սկսած ժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, կրթական համակարգի բարեփոխումներից, ինչը ինձ համար շատ կարևոր է, վերջացրած քաղաքացիական հասարակության ամրապնդմամբ»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ կարևոր է ՀՀ քաղաքացիների մոտ վերականգնել հույսն ու հավատը լավ ապագայի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում