Վարչապետը հորդորեց շահույթի օգտագործման խնդիր դնել ՊՈԱԿ-ների առաջ

Վարչապետը հորդորեց շահույթի օգտագործման խնդիր դնել ՊՈԱԿ-ների առաջ

Կառավարությունը սահմանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը և կառավարության մի շարք որոշումներում կատարեց փոփոխություններ:

«ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ նրանց գործունեությունից ստացված շահույթն օգտագործվում է իրենց կանոնադրական նպատակների իրականացման համար, սակայն, միևնույն ժամանակ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տրվում է միայն օրենքով սահմանված լինելու ու հիմնադրամի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ սոցապ նախարարության մի շարք ՊՈԱԿ-ներ հնարավորություն ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, սակայն, քանի որ հիմնադրամի կողմից այդ ուղղությունները սահմանված չեն, չեն կարողանում իրականացնել:

«Այս փոփոխություններով մենք ուղղակի սահմանում ենք այդ ուղղությունները և նրանց հնարավորություն ենք տալիս, որպեսզի կարողանան գործունեություն ծավալել», – ասաց Արայիկ Պետրոսյանը:

Փոխնախարարը նշեց նաև, որ սահմանվում է ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը՝ իր ուղղություններով:

«Եթե ՊՈԱԿ-ներն այդ հնարավորությունն ունեին, ինչո՞ւ ենք դրանց սահմանափակել, երկրորդ՝ կանխատեսում ունե՞ք, թե ինչքան ենք շահույթ ունենալու», – հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Փոխնախարարը պատասխանեց, որ եղած պայմաններն ու հնարավորությունները լավատեսորեն են տրամադրում, որովհետև կան իսկապես անհրաժեշտ պայմաններ:

Վարչապետն էլ հետաքրքրվեց. «Ինչքա՞ն լավատեսորեն»: Արայիկ Պետրոսյանն. «Ժամանակը ցույց կտա»: «Եթե հիմա խնդիր չեք դնելու նրանց առաջ, ժամանակը ցույց չի տալու», – ամփոփեց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում